«Լևոն Տեր Պետրոսյանը անպատկերացնելի հիշաչար է ու ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, թե ինչի և ում պատճառով հեռացավ իշխանությունից». Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին: 2rd.am-ը գրում է.

«Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

«Նախօրեին երկրորդ նախագահը վերաբերմունք էր հայտնել Սերժ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի հանդիպման վերաբերյալ, սակայն որևէ կերպ չանդրադարձավ Տեր-Պետրոսյանի մեղադրանքներին: Ինչո՞ւ»,- Yerevan.Today-ը հարց է ուղղել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին:

«Տեր-Պետրոսյանի հայտարարություններին արձագանքելը վաղուց անիմաստ է դարձել: Իր ասածների անհեթհեթությունը հուշում է, որ նախկին նախագահը կամ խնդիրներ ունի հիշողության հետ, կամ բարդ հարաբերությունների մեջ է սեփական խղճի հետ, կամ էլ` երկուսը միաժամանակ: Ցավում եմ, բայց ստախոսությունն առաջին անգամ չէ, որ խայտառակում է նախկին նախագահին:

Այսպես թե այնպես, ես պարզապես կրկին կհրապարակեմ նշված թեմաներին առնչվող փաստագրական նյութերը, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ծանոթանալ և եզրակացություններ անել»:

Ստորև ներկայացնում ենք երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի տրամադրած նյութերը

29.03.2010
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի պարզաբանումը բանակցային գործընթացում ԼՂՀ մասնակցության վերաբերյալ. News.am

Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում ԼՂՀ ուղիղ մասնակցության հարցն այսօր դարձել է քաղաքական օրակարգի ամենաքննարկվող հարցերից մեկը: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, լրագրողներ և փորձագետներ քննարկում են այն գրեթե ամեն օր: Ավելին. նորաձև է դառնում այդ համատեքստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հիշատակումը, ով ժամանակին իբր դուրս է մղել պաշտոնական Ստեփանակերտին բանակցությունների սեղանից: Ընդ որում, առավել հաճախ դա ասվում է բոլոր իմաստներով աննկատ մարդկանց կողմից, որոնք հեռու են Ղարաբաղից թե՛ գործնական, թե՛ զգացմունքային առումով:

Անդրադառնանք պատմությանը (ի դեպ` հանրահայտ էջերին) և փորձենք գտնել հետևյալ հարցի պատասխանը. ե՞րբ և ինչպե՞ս են մասնակցել ԼՂՀ ներկայացուցիչները բանակցային գործընթացում:

1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում, ԵԱՀԽ (ԵԱՀԿ նախկին անվանումն է) Խորհրդի այսպես կոչված «լրացուցիչ հանդիպման» ժամանակ կայացվեց հայտնի որոշումը` ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև խաղաղ համաժողով անցկացնելու մասին: Բելառուսը պատրաստակամություն հայտնեց կազմակերպել այդ համաժողովն իր մայրաքաղաքում, որտեղից էլ անուն առան Մինսկի գործընթացը և ԵԱՀԿ Մինսկի խումբը: Նշված որոշման 9-րդ կետում ասվում էր. «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները կհրավիրվեն Համաժողովին նրա նախագահողի կողմից` Համաժողովի մասնակից պետությունների հետ խորհրդատվություններ անցկացնելուց հետո»: Որպես «ընտրված և այլ ներկայացուցիչներ» պատկերացվում էին մի կողմից՝ ԼՂՀ նորընտիր Գերագույն Խորհրդի ներկայացուցիչները, մյուս կողմից (ըստ ադրբեջանական վարկածի)` Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները:
Ինչպես հայտնի է, Մինսկի համաժողովը չկայացավ. դա ակտիվ պատերազմական գործողությունների շրջան էր, և մեկ հայկական, մեկ ադրբեջանական կողմը, ելնելով ռազմաճակատում առկա իրավիճակից, չէին համաձայնվում բանակցությունների նստել: Այդ պայմաններում աշխատանքային խումբ ստեղծելու որոշում կայացվեց, որը կզբաղվեր համաժողովի նախապատրաստմամբ: Նույն թվականի հունիսից-սեպտեմբեր ամիսներին նորաստեղծ Մինսկի խումբը Հռոմում կողմերի միջև հնգափուլ հանդիպումների շարք անցկացրեց: ԼՂՀ ներկայացուցիչներ Ռոբերտ Քոչարյանը, Հրանտ Խաչատրյանը և Բորիս Առուշանյանը սկսեցին մասնակցել այդ հանդիպումներին երրորդ փուլից: Սակայն, Բաքուն շարունակ հրաժարվում էր ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ ճանաչել, անվանելով Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը «հայ համայնքի ներկայացուցիչներ»: Որպես այդ մոտեցման հաստատում, նրանք համառորեն ներառում էին իրենց պատվիրակության կազմում Նիզամի Բախմանովին, Շուշիի այն ժամանակվա քաղաքապետին` որպես ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ: 1996 թվականին կայացած ԵԱՀԿ Լիսաբոնյան համաժողովի որոշումները միայն խորացրեցին բանակցությունների ձևաչափի ձևակերպումների վերաբերյալ կողմերի հակասությունները, ինչի արդյունքը դարձավ նշված ձևաչափով բանակցային գործընթացի վերջնական դադարեցումը 1997 թվականին:

Ըստ էության, բոլոր այդ տարիների ընթացքում անարդյունք քննարկվում էր միայն մեկ առաջարկ, որ հրապարակ էր բերել ռուսական կողմը (ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը): Այն համապարփակ կարգավորում չէր ենթադրում, այլ ուղղված էր լոկ հակամարտության հետևանքները հաղթահարելուն. արծարծվում էին փախստականների վերադարձին, բաժանարար գծերի հստակեցմանն առնչվող և այլ նմանատիպ հարցեր: Նշված ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ (1993 թվականին) առանձին բանակցություններ են անցել ԼՂՀ փաստացի ղեկավար, ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի միջև, սակայն այդ հանդիպումը խորհրդապահական բնույթ է կրել և ձևաչափի իմաստով շարունակականություն չի ենթադրել: Եվս մեկ հանդիպում Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կազմակերպվել է Ռուսաստանի արտգործնախարար Ա. Կոզիրևի միջնորդությամբ Մոսկվայում, եթե չեմ սխալվում` 1995 թվականին: Սակայն այդ ձևաչափը ևս շարունակություն չստացավ:

Այդպիսով, ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցային գործընթացը դադարել է գոյություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի նախագահ ընտրվելուց դեռ մեկ տարի առաջ: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու բանակցությունները պարբերաբար կազմակերպվում էին սկսած 1990 թվականից` Մինսկի գործընթացին զուգահեռ: Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցել է և Այազ Մութալիբովի, և Աբուլֆազ Էլչիբեյի, և Հեյդար Ալիևի հետ: Ավելին. միևնույն ժամանակ հաճախակի հանդիպումներ էին կազմակերպվում երկու նախագահների ներկայացուցիչների` Ժ. Լիպարիտյանի և Վ. Գուլուզադեի միջև (1995-96թթ. տեղի է ունեցել 11 այդպիսի հանդիպում): Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները շարունակվել են նաև Ռոբերտ Քոչարյանի ընտրվելուց հետո, խնդրո առարկա հարցի համատեքստում, այն կարևոր տարբերությամբ, որ ՀՀ նոր նախագահի պահանջով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարտադիր կերպով (չհաշված եզակի բացառությունները) այցելում էին ԼՂՀ և բանակցում պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ: Ի դեպ, ամենանշանակալի փաստաթուղթը, որ ընդունվել է ԼՂՀ մասնակցությամբ` 1994 թվականի մայիսին ստորագրված զինադադարի մասին համաձայնագիրն է, որի տակ դրված է ԼՂՀ պաշտպանության նախարարի ստորագրությունը: Այդ ստորագրությունը ղարաբաղյան կողմի առաջադրված պարտադիր պայմանն էր` կրակը դադարեցնելու համար:

Կրկնվեմ. սրանք հանրահայտ պատմական փաստեր են: Բանակցային գործընթացի, Քոչարյանի «սխալների» և դրանք «հանճարեղ» կերպով ուղղելու մասին զավզակելուց առաջ հարկավոր էր լավագույնս ուսումնասիրել հարցը: Առաջին հերթին ասածս վերաբերում է կուսակցական գործիչներին:

Այժմ երկու խոսքով կարգավորման գործընթացում ԼՂՀ ներգրավվածության մասին:

Առաջին հերթին պետք է պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնում կարգավորման գործընթացը որպես այդպիսին:

1. Դա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունն է: Նրանց այցերը տարածաշրջան, ՀՀ, ԼՂՀ և ԱՀ նախագահների հետ հանդիպումները և կարգավորման հարցերի քննարկումը նրանց հետ, մոտեցումների համաձայնեցումը, առաջարկների պատրաստումը և այլն: Այսինքն, բոլորի կողմից ընդունելի լուծումներ գտնելուն ուղղված ջանքեր` հակամարտության երեք փաստացի կողմերի ընկալումների համատեքստում:

2. Դա ՀՀ և ԱՀ նախագահների, ինչպես նաև նրանց հանձնարարությամբ` արտգործնախարարների հանդիպումների ձևաչափն է: Ի դեպ, տարօրինակ կլիներ, եթե համանախագահները չփորձեին օգտագործել միջազգային ֆորումները նման հանդիպումներ կազմակերպելու համար, եթե կողմերը դրանց այսպես թե այնպես մասնակցում են:

3. Դա զինադադարի ռեժիմի մոնիտորինգ իրականացնող ԵԱՀԿ առաքելությունն է, որն իրականացվում է Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ համագործակցության պայմաններում:

Այդպիսով, կարգավորման փաստացի գործընթացը մշտապես ընթանում է երեք հարթություններում. երկու բանակցային գործընթացների և մոնիտորինգի միջոցով զինադադարի պահպանմանն ուղղված ջանքերի: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված է ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գործողությունների մեջ: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված չէ ՀՀ և ԱՀ նախագահների հանդիպումների ձևաչափում: Այստեղ ԼՂՀ շահերը պաշտպանում է ՀՀ նախագահը` համաձայնեցնելով իր գործողությունները ԼՂՀ նախագահի հետ: Եվ դա լավ հայտնի է բոլորին: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, ով ԼՂՀ առաջին նախագահի կարգավիճակ ունի, կտրականապես մերժել է նախագահների հանդիպումների ձևաչափում ԼՂՀ իշխանություններին փոխարինելու հնարավորությունը: Մշտապես ընդգծվել է, որ ոչինչ չի կարող վերջնականապես համաձայնեցված համարվել, քանի դեռ Ղարաբաղը չի տվել իր համաձայնությունը, իսկ վերջնական փաստաթուղթը պետք է վավերացվի նաև ԼՂՀ ներկայացուցչի կողմից: Փաստորեն, կիրառվում է միջազգային պրակտիկայում լայնորեն օգտագործվող անուղղակի բանակցությունների միջոցը: Այնպես որ, ԼՂՀ-ն, ըստ էության, ներգրավված է բանակցային գործընթացում, թեև ոչ լիարժեք ձևով: Իհարկե, պետք է ձգտել բոլոր գործընթացներում Ստեփանակերտի ուղիղ և լիարժեք մասնակցությանը. ակնհայտ է, որ ՀՀ երեք նախագահներն էլ ձգտել են դրան: Լավագույնը կլիներ ԼՂՀ և Ադրբեջանի ուղիղ բանակցությունների ձևաչափը, որը առավել ճշգրիտ կարտացոլեր հակամարտության էությունը և նպատակին հասնելու մեծ ներուժ կպարունակեր: Հասկանալի է, որ Ադրբեջանը շեշտադրում է հենց Հայաստանի հետ բանակցելու փաստը` հիմնավորելու համար կարգավորման իր մոտեցումը` տարածքային ամբողջականության շրջանակներում: Բաքուն ասում է, թե քանի որ սա Հայաստանի կողմից տարածքային նկրտումներ են, նրա հետ էլ բանակցում ենք: ԼՂՀ-ի հետ բանակցություններ վարելու պարագայում նրանք ինքնորոշման սկզբունքի ամրապնդման սպառնալիք են տեսնում համաշխարհային հանրության ընկալումներում` հակամարտության էության վերաբերյալ: Գուցե հակամարտության սկզբում դա իրոք կարող էր նշանակություն ունենալ: Վստահ եմ, որ այսօր Ադրբեջանում իներցիոն կերպով և միջազգային սկբունքների կիրառման ընտրելիության համատեքստում գերագնահատվում է բանակցային ձևաչափի նշանակությունը: Այսօր բոլորն էլ հասկանում են, որ գնացքը, ինչպես ասում են, վաղուց գնացել է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` իրապես կայացած պետություն (թեկուզ և չճանաչված) լինելը և արդեն 19 տարվա պատմություն ունեցող անկախությունը լիուլի բավարար են գործընթացի անդառնալիությունը հասկանալու համար: Ավելի խելամիտ կլինի բանակցություններ վարել իրական արդյունք ստանալուն ուղղված ձևաչափերով:

Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ պաշտոնաթող նախագահի գրասենյակի ղեկավար

04.03.2015
ԼՂՀ-ն բանակցություններից դուրս է մղել Լևոն Տեր-Պետրոսյանը. Վիկտոր Սողոմոնյան. 2rd.am

Անցած երկուշաբթի մենք հարցում էինք ուղարկել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ, ակնկալելով մեկնաբանություն ստանալ մարտի 1-ին Ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ելույթի այն հատվածի վերաբերյալ, ուր հիշատակվում էր Ռոբերտ Քոչարյանը և իր գործունեությունը, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության բնագավառում և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Քիչ առաջ նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից ստացանք թեմային նվիրված իր հեղինակած հոդվածը, որն էլ ամբողջությամբ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:  Մարտի 1-ի հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր համար սովորական երկարաշունչ ելույթով: Ես, բնականաբար, չեմ պատրաստվում վերլուծել նրա ամբողջ խոսքը, սակայն պետք է կանգ կառնեմ հետևյալ երկու հայտարարությունների վրա:
«Ինչպես հայտնի է, 1990-ական թվականներին Հայաստանի իշխանությունները, սահմանազատվելով երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական գաղափարախոսությունից, որդեգրեցին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ներդաշնակ եւ բացառապես պետության շահերից բխող իրատեսական քաղաքականություն։ Եւ պատահական չէ, որ նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականության բոլոր նվաճումները համընկնում են հենց այդ ժամանակաշրջանին։ Ընդ որում, սա միայն իմ կարծիքը չէ։ Ժամանակին այս ակնհայտ իրողությունը արձանագրել ու գնահատել են ոչ այլ մարդիկ, քան Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը եւ այլք («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 19.09.1996)։ 1998 թվականից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, որի դիմաց մեր երկիրն ստացավ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու պարտադրանքը։ Միաժամանակ Քոչարյանական վարչախումբը արտաքին քաղաքականության մեջ թույլ տվեց մի ավելի կոպիտ ձախողում. մինչ այդ հակամարտության լիիրավ կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս մղվեց կարգավորման գործընթացից, եւ արցախահայության ինքնորոշման իրավունքի խնդիրը վերածվեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի առարկայի»։
Տեր-Պետրոսյանի այս երկու հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ցածրորակ քարոզչական հնարք, որի հաշվարկն այն է, թե մեր հասարակության հիշողությունը կարճ է, ճշմարտությունն էլ ոչ ոքի չի հետաքրքրում: Նախ, Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունների մասին: 1996 թվականին, Անկախության հնգամյակի նախօրեին (այն հոդվածը, որի վրա հղում է կատարում Տեր-Պետրոսյանը թվագրված է 1996թ. սեպտեմբերի 19-ով), ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Վազգեն Սարգսյանը, ոչ Արթուր Թովմասյանը մեր դիվանագիտության որակը և հաջողությունները գնահատելու համար չունեին որևէ համեմատության եզր, եթե այդպիսին չհամարենք ՀԽՍՀ-ի վարած արտաքին քաղաքականությունը: Այլ հարց է հիմա՝ նշված ժամանակահատվածից երկու տասնամյակ անց, երբ կարելի է արձանագրել առնվազն այն փաստը, որ տեր-պետրոսյանական արտաքին քաղաքականության ամենամեծ «ձեռքբերումը» լիսաբոնյան գագաթաժողովն էր, և Ադրբեջանի կազմում ԼՂՀ-ին լայն ինքնավարություն՝ որպես չարյաց փոքրագույն, տրամադրելու վերաբերյալ բանակցությունները: Համեմատենք նախագահ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանի հետ, երբ սկիզբ առավ այսպես անվանվող «պրահայան գործընթացը», ուր ամրագրվեցին.

1. ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը,

2. ԼՂՀ ապագայի հարցով հանրաքվեի անցկաման վերաբերյալ դրույթը:

Հիմա երկրորդ հայտարարության մասին, ուր Տեր-Պետրոսյանը պնդում է, թե 1. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ներառումը արտաքին քաղաքականության օրակարգում Քոչարյանի վարչակազմի սխալն էր, որի դիմաց մեր երկիրն ստացավ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու իբր պարտադրանք, 2. Քոչարյանական արտաքին քաղաքականության կոպիտ ձախողում հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դուրս մղումը կարգավորման գործընթացից: Այստեղ Տեր-Պետրոսյանը կարծես իմիջիայլոց նշում է, թե մինչ այդ ԼՂՀ-ն հակամարտության կարգավորման բանակցությունների լիիրավ կողմ էր հանդիսանում:

1. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը արտաքին քաղաքականության օրակարգում ներառելու հիմնավորումների մասին իր գրքերից մեկում պատմել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, և ինձ մնում է միայն վերաշարադրել նրա խոսքը:  «Առաջին. Հայաստանը պարտավորություն ունի հայ ժողովրդի առաջ Ցեղասպանության հարցը բարձրացնել և արժանացնել ճանաչման՝ որպես նվազագույն փոխհատուցում հայության նկատմամբ իրագործված աննախադեպ ոճիրի: Երկրորդ. որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած ժողովրդի ներկայացուցիչ՝ Հայաստանի կառավարությունը մարդկության առջև պարտավորություն ունի հետամուտ լինելու Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը՝ նպաստելով այլ ցեղասպանությունների կանխարգելմանը: Երրորդ. արդեն անկախությունից ի վեր Հայաստանի կողմից այս հարցի համեստ արծարծումը չէր նպաստել Թուրքիայի կողմից կառուցողական քայլերին և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Վերջապես՝ Ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքականության օրակարգ ներառելով հանդերձ՝ մենք այն չենք դարձրել նախապայման՝ Թուրքիայի հետ նորմալ, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար»:  ՀՀ արտաքին քաղաքականության այս ուղղության արդյունքները հանրահայտ են և դրանց մասին, կարծում եմ, ոչ ոք չի մոռացել. 1998-2008թթ. մեկ տասնյակից ավելի երկրներ պետական մակարդակով ճանաչեցին Ցեղասպանության փաստը, սկսվեց հայության համախմբման աննախադեպ գործընթացը, զգալիորեն բարձրացավ Հայաստանի դերը տարածաշրջանում, Թուրքիայի վարչապետը նամակ հղեց Քոչարյանին, փորձելով գոնե ինչ-որ ընդհանուր եզրեր գտնել, ու դա, ինչպես ասում են, լավ օրից չէր, քանի որ ակներև էր, որ Թուրքիան հետզհետե անելանելի վիճակում է հայտնվում: Վստահ եմ, շատերն են հիշում, թե ինչ էր կատարվում Թուրքիայի շուրջ այդ ժամանակաշրջա¬նում: Մի խոսքով, այստեղ ամեն ինչ պարզ է ու հասկանալի, նույնիսկ չարժե կրկնել հանրահայտ փաստերն ու իրողությունները: Ըստ ամենայնի, հենց քիչ թե շատ հիմնավորված փաստարկների բացակայությունն է պատճառը, որ Տեր-Պետրոսյանը փորձում է առաջ քաշել պատմաբանների հանձնաժողովի՝ իբր պարտադրված լինելու հանգամանքը՝ որպես նշված քաղաքականության բացասական արդյունք: Ամփոփելով, այստեղ տեղին է մեջբերել մի հատված Էրդողանի հայտնի նամակին (2005թ.)` նախագահ Քոչարյանի պատասխանից: «Երկկողմ հարաբերությունների զարգացման համար պատասխանատու են կառավարությունները, և մենք իրավունք չունենք պատվիրակել այդ պատասխանատվությունը պատմաբաններին: Հենց դա է պատճառը, որ մենք առաջարկում էինք և առաջարկում ենք առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ հաստատել մեր երկրների միջև: Այս համատեքստում միջպետական հանձնաժողովը կարող է հանդիպում ունենալ, որպեսզի քննարկի մեր երկու երկրների միջև առկա չլուծված խնդիրները և հասնել փոխըմբռնման»:  Միամտություն կլինի կարծելը, թե Տեր-Պետրոսյանը ծանոթ չէ այս նամակի բովանդակությանը կամ չի հասկանում «պարտադրանք» բառի իմաստը:

2. Մի քանի տարի առաջ Տեր-Պետրոսյանի և իր քարոզիչների (որոնք այսօր, ի դեպ, իրենց նախկին կուռքի դեմ անողոք պատերազմ են մղում) «թեթև» ձեռքով մեր լրատվական դաշտում մի կեղծիք հայտնվեց այն մասին, թե տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանը, օգտվելով ԼՂՀ առաջին նախագահի իր կարգավիճակից, ինչպես նաև պարզապես ղարաբաղցի լինելու հանգամանքից, իբր համաձայնել է ԼՂՀ-ի դուրս բերմանը բանակցային սեղանից և այդպիսով այնպիսի աններելի սխալ է գործել, որ բոլորիս դատապարտել է դիմակայել մեծ դժվարությունների: 2010 թվականի մարտին ես մանրամասնորեն պատասխանել եմ այդ կեղծիքին (http://news.am/arm/news/17772.html): Պատմական փաստերն աներկբա ապացուցում են. ԼՂՀ ներկայացուցիչները դադարել են մասնակցել բանակցային գործընթացին Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց առնվազն մեկ տարի առաջ: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու բանակցությունները պարբերաբար կազմակերպվում էին՝ սկսած 1990 թվականից` Մինսկի գործընթացին զուգահեռ: Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցել է և Այազ Մութալիբովի, և Աբուլֆազ Էլչիբեյի, և Հեյդար Ալիևի հետ: Ավելին. միևնույն ժամանակ հաճախակի հանդիպումներ էին կազմակերպվում երկու նախագահների ներկայացուցիչների` Ժ. Լիպարիտյանի և Վ. Գուլուզադեի միջև (1995-96թթ. տեղի է ունեցել 11 այդպիսի հանդիպում): Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները շարունակվել են նաև Ռոբերտ Քոչարյանի ընտրվելուց հետո, խնդրո առարկա հարցի համատեքստում այն կարևոր տարբերությամբ, որ ՀՀ նոր նախագահի պահանջով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարտադիր կերպով (չհաշված եզակի բացառությունները) այցելում էին ԼՂՀ և բանակցում պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ:  Այստեղ տրամաբանական հարց է ծագում. այդ դեպքում ո՞վ է դուրս մղել ԼՂՀ-ն բանակցություններից: Ոչ այլ ոք, քան՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: Մեջբերեմ մի հաղորդագրություն, որ տպագրվել է «Հայք» թերթի 1997 թվականի հունվարի 25-ի համարում:  «Հայաստանն այլևս չի բանակցի Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի շուրջ՝ առանց Ղարաբաղի մասնակցության: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ելույթ ունենալով Լոնդոնում անցկացվող «Անդրկովկասի հեռանկարները» խորհրդաժողովում: Պրն. Լիպարիտյանը հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ, ինչպես ցույց տվեց Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել երկկողմանի հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս մղելու նպատակով: Նրա խոսքերով,ժամանակին Հայաստանը ընդառաջեց և ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը՝ անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը» (տես՝ հոդվածին կից լուսապատճենները):

Համաձայնեք, որ Տեր-Պետրոսյանի ցինիզմը, ինչպես և արդեն շարքից դուրս եկած իր քարոզչամեքենայի ստախոսության աստիճանը ապշեցնում են: Նրանք այսքան տարի մեղադրում են երկրորդ նախագահին մի բանի համար, որ իրենք են կատարել: Կրկնեմ. Տեր-Պետրոսյանի այս երկու հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ցածրորակ քարոզչական հնարք, որի հաշվարկն այն է, թե մեր հասարակության հիշողությունը կարճ է, ճշմարտությունն էլ ոչ ոքի չի հետաքրքրում: Տեր-Պետրոսյանը մեկ անգամ չէ ապացուցել, որ չունի որևէ բարոյական կաշկանդում, որ անպատկերացնելի հիշաչար է ու ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, թե ինչի և ում պատճառով հեռացավ իշխանությունից: Այնպես որ, անկասկած, Ռոբերտ Քոչարյանին առնչվող թեմաները դեռ երկար ժամանակ կլինեն նրա ելույթների առանցքում:

Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ պաշտոնաթող նախագահի գրասենյակի ղեկավար

Տեսանյութեր

Լրահոս