«Համոզված ենք՝ մեր ավանդական բարեկամ մահմեդական պետությունները չեն տրվի Անկարայի սադրանքներին»
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարարի հայատարարություններին` նշելով, որ նա շահարկելով իսլամական համերաշխությունը, վտանգավոր փորձ է կատարում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները արհեստականորեն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն:
Պատասխանելով News.am-ի հարցին` «Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Իսլամական համագործակցության կազմակերպության ստամբուլյան գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունները», Շավարշ Քոչարյանը նշել է. «Ակնհայտ է, որ Թուրքիայի միակողմանի դիրքորոշման և ամեն գնով Ադ րբեջանին սատարելու մոլուցքի պատճառով նրա որևէ միջամտություն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին միայն վնաս է հասցնելու: Բաքվի կողմից ղաբարաղա-ադրբերաջանական շփման գծում սանձազերծած ապրիլի 2-5-ի իրադարձությունները և Թուրքիայից հնչեցված սադրիչ հայտարարությունները դրա վառ ապացույցն են:
Թուրքիայի արտգործնախարարը Իսլամական համագործակցության կազմակերպությունում ունեցած իր ելույթում, շահարկելով իսլամական համերաշխությունը, վտանգավոր փորձ է կատարում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները արհեստականորեն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն:
Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե իր սահմաններից դուրս: Իր վերոհիշյալ սադրիչ հայտարարությամբ Թուրքիայի ԱԳ նախարարն, փաստորեն, բացահայտում է այդ ալիքը դեպի Հարավային Կովկաս տարածելու ձգտումը:
Համոզված ենք, որ մեր ավանդական բարեկամ մահմեդական պետությունները, լավ գիտակցելով Թուրքիայի իրական նպատակները, չեն տրվի Անկարայի սադրանքներին»: