Գերմանիայում խոսքի ազատությունը գործում է՝ անկախ Թուրքիայի պահանջներից. Մերկել
Գերմանիայում խոսքի ազատությունը գործում է՝ անկախ այն խնդիրներից, որոնք քննարկվում են Թուրքիայի հետ, երեքշաբթի Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Մեր Հիմնական օրենքում կան հիմնարար արժեքներ, մասնավորապես, հոդված 5-րդում գրված է խոսքի, գիտության և, իհարկե, մշակույթի ազատության մասին: Դրանք հիմնարար արժեքներ են, որոնք գործում են՝ անկախ քաղաքական խնդիրներից, որոնք քննարկում ենք միմյանց հետ, որոնց թվին է դասվում նաև փախստականների թեման։ Կարծում եմ՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ ԵՄ-ի, այդ թվում՝ Գերմանիայի շահերից է բխում քաղաքական լուծում գտնելը»,- ասել է Գերմանիայի կանցլերը՝ անդրադառնալով գերմանացի երգիծաբանի և ZDF առաջատար հեռուստաալիքի շուրջ առաջացած վեճին:
Ավելի վաղ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտնել էր, թե Թուրքիայի ղեկավարությունից նոտա է ստացել՝ քրեական հետապնդում սկսել հաղորդավորի նկատմամբ, որը իբր թե վիրավորել է Էրդողանին: Երկուշաբթի օրը Էրդողանը մասնավոր կարգով հայց էր ներկայացրել Գերմանիայի Մայնց քաղաքի դատախազություն:
2016թ. մարտի 31-ին երգիծական Neo Magazin Royalе հաղորդման ժամանակ հաղորդավար Յան Բեմերմանը կարդացել էր բանաստեղծություն, որը վիրավորանքներ էր պարունակել Էրդողանի հասցեին: