Լևոն Մկրտչյանը ԵԽ կրթության նախարարների համաժողովում բարձրացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հարցը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Բրյուսելում մասնակցել է ԵԽ կրթության նախարարների 25-րդ համաժողովին, որն անցկացվում է «Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համար» խորագրի ներքո: ՀՀ ԿԳ նախարարը համաժողովում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություններ, hարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի մշտական համաժողովի 25-րդ նստաշրջանի հարգարժան մասնակիցներ,
Կրթությունը ժողովրդավարության անկյունաքարն է, և այն մեծ դեր ունի հասարակությունների և պետությունների ամրապնդման, մարդկանց կենսապայմանների բարելավման և աշխարհի երկրների կայուն զարգացման ապահովման գործում:
«Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համար» համաժողովում ես կցանկանայի կարևորել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության չորս հիմնասյուները, որոնք համարվում են կրթության վերափոխման հիմնարար սկզբունքները:

Դրանք են`
– Սովորել իմանալու համար:
– Սովորել իրականացնելու համար:
– Սովորել լինելու համար:
– Սովորել միասին ապրելու համար:

Հետևաբար, արդյունավետ քաղաքացիական կրթության էությունն է` մարդկանց սովորեցնել ճանաչել աշխարհը, գործել և ակտիվ լինել, գիտակցել գլոբալ հասարակության մեջ անձնական ինքնակառավարման կարևորությունը և ապրել ու աշխատել միասին:
Այսպիսով, իսկապես կարևոր է վերափոխել ազգային կրթական համակարգերի բովանդակությունը` այդ չորս հիմնասյուների արդյունավետ զարգացումը խթանելու նպատակով:

Պետք է, որ լսած լինեիք, որ անցյալ տարի նշվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք՝ հայերս կամ Արարատի ժողովուրդը, ինչպես մեզ նշում են պատմական վավերագրերում, գիտակցում ենք հասարակության մեջ ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության նշանակալի դերը: Մի քանի օր առաջ` ապրիլի 2-ին, մեր հարևան Ադրբեջանը սկսել է ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ: Ինչպես 1915 թվականին, այսօր ևս սպանվել են խաղաղ քաղաքացիներ: Լիահույս եմ, որ մեր սերնդի դերն է` ասել «Վերջ, այլևս երբեք»: Եվ մենք պետք է անենք դա կրթության միջոցով: Կրթության ամենամեծ մարտահրավերն ու նպատակն է` սովորել միասին ապրել՝ խաղաղության մեջ:

Ավելի ժողովրդավար լինելու կոչը, որն այս համաժողովի օրակարգային իմաստն է, պետք է ընդունվի և կարևորվի մեր Հռչակագրի մեջ, ինչը կնպաստի ավելի արդյունավետ քաղաքացիական կրթության հետագա զարգացմանը:

Հայաստանը միշտ ողջունել է բոլոր տեսակի նորարարական գաղափարները, որոնք գեներացված են Եվրոպական կառույցներում, և մենք պատրաստ ենք դրանք իրականացնել ժողովրդավարական մշակույթի իրավասությունների շրջանակում:

Ես ավելի քան վստահ եմ, որ մենք` բոլորս, այս գիտաժողովում ունենք մեր առաքելությունը` ժողովրդավարության կրթության ավելի լայն բանավեճի ապահովմանը նպաստելու, ժողովրդավարական մշակույթի իրավասությունների շրջանակը ընդունելու, և մենք պետք է անենք ամեն ինչ՝ հասնելու համար այն նպատակներին, որոնք սահմանված են այս համաժողովում»:

Տեսանյութեր

Լրահոս