
«Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր» արգելոց-թանգարաններում ապրիլի 18-ին մուտքն անվճար կլինի

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում մուտքն անվճար է` հայտարարված է բաց դռների օր: Նկատի ունենալով, որ ապրիլի 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային օր` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ապրիլի 30-ի «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի անվճար այցելության օրը տեղափոխվել է ապրիլի 18-ին:
Այդ օրը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո հայկական ավանդական ժողովրդական մարզական խաղերի ցուցադրական ելույթ-մրցախաղեր կանցկացվեն: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում էլ կբացվի «Նուռը և խաղողը հայ ճարտարապետության զարդաքանդակներում» ցուցահանդեսը, նախանշված է նաև ռազմահայրենասիրական ոգով համերգ- միջոցառում: Կատարումներով հանդես կգան Տարոն գեղագիտական կենտրոնի «Շիրխանի» պարային համույթը, վաստակավոր արտիստներ Մադլեն Ասրյանը, Արուս Գուլանյանը, այլ համույթներ, երգիչ-կատարողներ:
Հիշեցնենք, որ «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններն աշխատում են ժամը 10.00-ից մինչև 19.00-ը, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ժամը 10.00-ից մինչև 17.30-ը: