«Մենք հետ էինք «Բարսելոնայից» 13 միավորով, իսկ հիմա` 4». Զինեդին Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Վոլֆսբուրգի» հետ անցկացվելիք պատասխան խաղի նախօրեին (առաջին խաղ` 0:2) կոչ է արել թիմին՝ լինել համբերատար:
««Ռեալը» մի քանի հիասքանչ քամբեք է կատարել «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում, և մենք պատրաստ ենք նորից դա անել: Ֆուտբոլիստները չպետք է չափից շատ խոսեն, բայց նրանք գիտեն, թե ինչպիսի խնդիր է դրված իրենց առջև:
Մենք պարտվում ենք 0:2 հաշվով և պետք է խփենք: Բայց մենք դրա համար ունենք 90 րոպե, այլ ոչ թե՝ 5: Իմ ուղերձը ֆուտբոլիստներին. պետք է զինվել համբերությամբ: Պրիմերայում մենք հետ էինք «Բարսելոնայից» 13 միավորով, իսկ հիմա` 4:
«Ռեալը» երբեք չի պատրաստվում ձախողման: Մենք միշտ առաջ ենք գնում: Մենք Եվրոպայում բոլորից շատ ունենք Չեմպիոնների գավաթը, և դա պատահական չէ»,- ասել է Զիդանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը