Բաժիններ՝

Կրեմլը բացատրել է Բորիս Գրիզլովին Անվտանգության խորհրդի կազմից հեռացնելու Պուտինի որոշումը

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պետդումայի նախկին խոսնակ Բորիս Գրիզլովը հեռացվել է ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից, քանի որ չափազանց շատ է զբաղված եղել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման կոնտակտային խմբի աշխատանքներով:

Պեսկովի խոսքով՝ ներկայում Գրիզլովի զբաղվածության ոլորտը «կրում է մասնագիտացած ուղղվածություն» և նա այլևս ստիպված չի լինի մասնակցել Անվտանգության խորհրդի ամենշաբաթյա խորհրդակցություններին, ինչին պարտավոր էր մասնակցել՝ որպես մշտական անդամ:

Գրիզլովին Անվտանգության խորհրդի կազմից հեռացնելու Պուտինի որոշման մասին հայտնի դարձավ այսօր առավոտյան: Որոշման պատճառները Կրեմլի համապատասխան հրամանում նշված չէին:

Գրիզլովը 2002 թվականից «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրագույն խորհրդի անփոփոխ նախագահն է, ինչպես նաև ընդգրկված է «Ռոսատոմ» կորպորացիայի դիտորդական խորհրդի կազմում և ներկայացնում է Ռուսաստանը Ուկրաինայի իրավիճակի կարգավորման խնդրով եռակողմ խմբում:

2001-2003թթ. Գրիզլովը գլխավորել է ՌԴ ներքին գործերի նախարարությունը, իսկ հաջորդող ութ տարում եղել է ՌԴ Պետդումայի խոսնակը:

2011 թվականի հերթական ընտրություններից հետո նա լքեց խոսնակի պաշտոնը՝ հայտարարելով, թե ճիշտ չէ համարում այդ պաշտոնում աշխատել երկու ժամկետ շարունակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս