Բողոքի երթ՝ դեպի ՌԴ դեսպանատուն. պահանջելու են հարգել դե-յուրե դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության և ազգային շահերը
Ապրիլի 13-ին՝ վաղը, Ազատության հրապարակից դեպի Ռուսաստանի դեսպանատուն կիրականացվի բողոքի երթ:
«Ապրիլի 2-ի լույս գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Արցախը դիմակայեց ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի՝ ցավոք, 65 զոհված, 121 վիրավորված, ինչպես նաև՝ անհայտ կորած հայրենիքի խիզախ պաշտպանների, սպանված քաղաքացիների կյանքի ու արյան գնով: 1994 թվականին ստորագրված հրադադարի համաձայնագրից հետո դրանք ամենախոշոր ռազմական գործողություններն էին, որոնց ընթացքում հակառակորդի զինուժը մեր դեմ կիրառեց վերջին տարիներին Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զինտեխնիկայի ողջ ընտրանին:
Շուրջ երկու տասնամյակ Հայաստանի և Արցախի հասարակության մեջ կեղծ պատրանք է ձևավորվել, որ ի դեմս Ռուսաստանի՝ Հայաստանն ունի հզոր դաշնակից, որը մեր անվտանգության երաշխավորն է: Ուղղահայց և հորիզոնական իրականացված այս մահաբեր հռետորաբանությունը իրականացվել է` օգտագործելով քարոզչական բոլոր միջոցները:
Մինչդեռ, ի հակառակ այդօրինակ հավաստիացումների, տարիներ շարունակ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է շուրջ 5 մլրդ ԱՄՆ դոլլարի ռազմամթերք, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենքեր` կասետային մարտագլխիկներով «Սմերչ» համազարկային կրակի համակարգեր և ТОС-1А «Սոլնցեպյոկ» ծանր հրանետներ:
Ռուսաստանի այն արդարացումը, որ եթե իրենք չվաճառեին, ապա Ադրբեջանը զենքը կգներ այլ երկրներից, իրականում ստոր սուտ և կատարված հանցագործության համար պատասխանատվությունից խուսափելու փորձ է, քանի որ համարժեք զենքեր արտադրող մյուս երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) հրաժարվել են Ադրբեջանին սպառազինելուց:
Ռուսաստանի կողմից հակահայկականության դրսևորում էին վերջին օրերի դիվանագիտական զարգացումները, որոնց գագաթակետը Բաքվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից մեր դեմ սանձազերծված ռազմական ոտնձգությունների ժամանակ սպանված ասկյարների հուշահամալիր-պանթեոնում ծաղկեպսակի տեղադրումն էր, ինչպես նաև՝ ՌԴ վարչապետի ու փոխվարչապետի հայտարարությունները Ադրբեջանին սպառազինության վաճառքը շարունակելու մասին:
Ավելին՝ անցած տարիներին Ռուսաստանն իր վերնոշյալ և այլ քայլերով թուլացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջանում փխրուն խաղաղությունը կառավարելու և նոր պատերազմները կանխելու դերակատարումը:
Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին` մասնակցել ապրիլի 13-ի բողոքի երթին, որը ժամը 18:30-ին մեկնարկվելու է Ազատության հրապարակից և եզրափակվելու է ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի մասնակիցների անունից հայտարարության հրապարակումով, որով Ռուսաստանից պահանջելու ենք.
- կատարել de jure ռազմաքաղաքական դաշնակցի իր պարտականությունները, որը նա ոչ միայն չի կատարել, այլև հատկապես վերջին տարիներին խախտել է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող վերոնշյալ հանցավոր արարքների,
- իր հետագա որոշումներում հարգել de jure դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության եւ ազգային շահերը, եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դադարեցնել տարածաշրջանի ապակայունացման քայլերը,
- անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին, հակառակ պարագայում Հայաստանի հասարակությունը մի վերջին անգամ կամրագրի, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, և Հայաստանն իր հերթին կաշկանդված չի լինի նրա հանդեպ դաշնակցային պարտավորություններով»: