«Այս միջոցառման նպատակը Հայաստանում համաշխարհային գիտության առաջատար գործիչներին համախմբելն է». Վաչե Գաբրիելյան
ՀՀ կառավարությունը գիտակցում է, որ զարգացումը հնարավոր է այն երկրներում, որտեղ մեծագույն ուշադրություն է դարձվում կրթությանը, գիտությանը և բարձր տեխնոլոգիական նվաճումներին: Այս մասին «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման ընթացքում նշեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ ՀՀ կառավարության անունից ողջունելով «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին:
«Այս միջոցառման նպատակը Հայաստանում համաշխարհային գիտության առաջատար գործիչներին համախմբելն է: ՀՀ-ն առաջին անգամ հյուրընկալել է բժշկագիտության ոլորտի հինգ նոբելյան մրցանակի դափնեկիրների: Դարավոր գիտական ավանդույթներ ունեցող մեր երկրում նման միջոցառում անցկացնելն եզակի հնարավորություն է ոչ միայն համաշխարհային գիտության մեջ ակնառու գիտնականների դասախոսությունները լսելու, հետաքրքիր բանավեճեր և քննարկումներ անցկացնելու, այլև ՀՀ գիտության տեղն ու դերը ևս մեկ անգամ իմաստավորելու, անելիքները նախանշելու, նոր գիտական գաղափարներ ու ծրագրեր քննարկելու համար»,- ասաց Վաչե Գաբրիելյանը: