«Ասել էր՝ գնում է ցուցակագրվելու, բայց գնացել էր ամենաթեժ կետը՝ Թալիշ». վերջին հրաժեշտն ազատամարտիկ Սուրեն Ճարտանյանին

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր հողին հանձնեցին Արցախում զոհված ազատամարտիկ Սուրեն Ճարտանյանին: 1955թ. ծնված Սուրեն Ճարտանյանը 3 դուստր, թոռներ ունի:

Նրա հորաքույրը՝ տիկին Անահիտը, պատմեց, որ Սուրեն Ճարտանյանը ծառայել է սովետական բանակում, բավական փորձ է ունեցել. «1988թ. մասնակցում էր այդ ամենին: Երբ կռիվը սկսվեց, ինքն անմիջապես գնաց և ծառայեց: Ամուսնացած երեխաներ ունի, թոռներ: Առողջական շատ ծանր վիճակում էր: Սրտի 3 վիրահատություն էր տարել: Երիկամները ծանր… Կինը հիվանդ պառկած էր հիվանդանոցում: Ինքն այդ բոլորը թողեց, հենց առաջին կանչով գնաց: Ինքն ուզում էր հերոս դառնալ երևի, ուզում էր հանգչել իր ընկերների կողքին, և իր ուզածը ստացվեց: Իրեն ոչինչ ետ չպահեց»: Հորաքույրը պատմեց, որ Սուրեն Ճարտանյանի կինն իրենց խնդրել է համոզել, որ ամուսինը ճակատ չմեկնի. «Վերջին օրը կնոջ մոտ քույրս էր գնացել, ինքն արդեն հագած-կապած, զինվորական շորերով եկել էր՝ ասում էր՝ չէ, գնամ ցուցակագրվեմ, չեմ գնա: Իրեն ոչ ոք չէր կարող ետ պահել, որովհետև ինքն իսկական հայրենասեր էր»: Հենց առաջին օրը Սուրեն Ճարտանյանը, հորաքրոջ խոսքով, գնացել էր ամենաթեժ կետը՝ Թալիշ գյուղ: «Մենք լսել ենք, որ երիտասարդներին հանել էր կրակի գծից, որ փրկեր վիրավորներին, և իրեն էին կրակել»,- ասաց տիկին Անահիտը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս