«Ղարաբաղյան հակամարտությունը նոր փուլ է մտել». Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ղարաբաղյան հակամարտության գոտու վերջին իրադարձությունների և բանակցությունների հեռանկարների վերաբերյալ:

«Չորսօրյա պատերազմից հետո միանշանակ է, որ Ղարաբաղյան հակամարտությունը նոր փուլ է մտել։ Ես կարծում եմ՝ մենք շատ արագ պետք է կարողանանք երեք բան անել՝ տալ պատերազմական իրավիճակի առաջացման պատճառների ճիշտ բացատրությունը; գնահատել այդ օրերին մեր գործողությունները; ճշգրտել մեր հետագա անելիքները։ Այստեղ գլխավորն իհարկե այն է, թե արդյոք հնարավո՞ր էր կանխել այս պատերազմը և խուսափել բազմաթիվ զոհերից։

Առհասարակ, 1994-ից ի վեր զինադադարի պահպանմանը նպաստել է երկու գործոն՝ բանակցություններով հարցի կարգավորման իրական հեռանկարը և շփման գծի երկու կողմում ռազմաքաղաքական ու տնտեսական հավասարակշռությունը:

Վերջին տարիներին այս գործոններն էապես խախտված են։ Մի կողմից բանակցությունները տևական ժամանակ է՝ խոր փակուղու մեջ են, մյուս կողմից՝ ռազմատենչ հայտարարությունների և սպառազինությունների վրա մեծ ծախսերի արդյունքում Ադրբեջանը սկսել էր հավատալ իր ռազմական առավելությանը:

Ահավասիկ, այս երկու գործոնների համադրումն էր, որն իր պատերազմական արտահայտությունը գտավ վերջին օրերին՝ անկախ նրանից, թե որն էր ռազմական գործողությունները սկսելու առիթը։ Այս երկու հարթություններում էլ մենք լուրջ անելիքներ ունենք։Ռազմական հարթությունում հաճախ ուժի ընկալումը, թեկուզ և ոչ իրական, նույնքան հետևանքային կարող է լինել, որքան ուժի իրական առկայությունը։ Ես կարծում եմ, որ մեր բանակի համարժեք պատասխանը Ադրբեջանին և նրանց կրած հարյուրավոր զոհերն ու ռազմատեխնիկայի կորուստները կփոխեն ռազմական հավասարակշռության խախտման մասին նրանց ընկալումները: Բայց դա չի նշանակում, թե մենք անելիքներ չունենք: Մեր անելիքները նաև թիկունքում են, և դրանք լուրջ անելիքներ են:

Դիվանագիտական հարթությունում անհրաժեշտ է բանակցությունները փակուղուց դուրս հանել: 1991-1994 թթ. ռազմի դաշտում տարած հայկական կողմի հաղթանակը դիվանագիտորեն ամրագրելու կարիքն ունի ոչ թե Ադրբեջանը, այլ հայկական կողմը: Բանակցային փակուղին չի բխում մեր շահերից։ Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելը մեր դիվանագիտության և արտաքին քաղաքականության թիվ մեկ խնդիրը պետք է լինի»:

Տեսանյութեր

Լրահոս