«Միանգամից ասեմ, որ նպատակ չունեմ պատշպանել մեր դիվանագետներին…». Նաիրա Կարապետյան

ՀՀ Ազգային ժողովի Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը հոդված է հրապարակել ղարաբաղա-ադրբեջանական շփման գում ընթացող պատերազմի դիվանագիտական ճակատի մասին: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Եվս մեկ անգամ խոնարվելով մեր ազգի թիվ մեկ պարծանքի և հպարտության՝ հայ զինվորի առջև, ուզում եմ 2 խոսքով կիսվել պայքարի մեկ այլ փուլի՝ դիվանագիտականի մասին։ Ընկերներիցս շատերն այս օրերին արտահայտվել են այս թեմայով, բայց քանի որ հարցն ինձ էլ անտարբեր չի թողնում, և քանի որ շատերից ավելի լավ եմ ծանոթ այդ ոլորտին, ցանկացա անդրադառնալ արտաքին գործերի աշխատանքին:

Միանգամից ասեմ, որ նպատակ չունեմ պատշպանել մեր դիվանագետներին (քանզի նրանք դրա կարիքը չունեն), այլ զուտ ինձ քաջ ծանոթ փաստերն եմ արձանագրում:

Եվ ուրեմն.

– Վերջին օրերի իրադարձությունների ընթացքում ՀՀ և ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունների կողմից հսկայածավալ աշխատանք է իրականացվել` ուղղված աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համապատասխան աշխատանքներ մղելուն, բոլոր կարևորագույն մայրաքաղաքներում և միջազգային հարթակներում մեր դիրքորոշման ճիշտ ներկայացմանը և իրադարձությունների վրա ազդելուն, և սա արվել է Արտաքին գործերի նախարարների գլխավորությամբ։

– Արտերկրում մեր բացառապես բոլոր դեսպանություններն իրադարձությունների առաջին ժամերից 24 ժամյա նոն-ստոպ ռեժիմով աշխատել են դեպքերի օբյեկտիվ զարգացումներն իրենց մայրաքաղաքներում ներկայացնելու ուղղությամբ:

– Հատկապես վերջին օրերի ընթացքում տեղեկատվական հսկայածավալ աշխատանք է տարվում տեղեկատվական դաշտի հետ աշխատող մեր դիվանագետների կողմից: Եվ նրանց հաջողվել է սակավ ռեսուրսներով գերազանց հակազդում ապահովել հառակակորդի` լուրջ ֆինանսավորում ստացող մեծաթիվ տեղեկատվական խմբերին:

– Հետաքրքիր է` ի՞նչ են պատկերացնում շատերը` «ավելի ակտիվ լինել» արտահայտության տակ: Կարևոր է շատ հստակ հասկանալ, որ եթե մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ ես, կամ բրուտ-ատաղձագործ, ապա հավանականությունը, որ մեր դիվանագիտության անելիքների վերաբերյալ ավելի ճիշտ մոտեցումներ ունես, քան ոլորտի պրոֆեսիոնալները, զրոյական է:

– Եվ իրոք, դիվանագետի աշխատանքն ամենաանշնորհակալներից է: Եթե մեր զինվորների սխրանքներին տեղում ենք իրազեկվում ու հպատրանում դրանցով, ապա դիվանագետների աշխատանքը դրական է հենց այն ժամանակ, երբ այն հնարավորինս անտեսանելի է արվում: Ինչքան էլ շատ բարձրագոչների դուրը չգա, բայց այս դաշտում չունենք աջուձախ PR-վողներ, այլ անձնվիրաբար ու լուռ իրենց աշխատանքն անող մասնագետներ: Ասեմ ավելին՝ վտանգավոր է բարձրաձայներ դիվանագիտական աշխատանքների մադին, վտանգավոր է։

Անձամբ լավատեղյակ լինելով թե՛ ԱԳՆ կենտրոնական ապարատի, թե՛ արտերկրում մեր դեսպանությունների գործունեությանը` կարող եմ հավաստիացնել, որ մերոնք այսօր աշխարհում ոչ մի երկրի դիվանագետների չեն զիջում իրենց մասնագիտական որակներով:

Ուրեմն` եկեք մեզ դուր չեկող երևույթների համար քարկոծման օբյետկներ չփնտրենք ինքներս մեր մեջ: Հատկապես այս շրջանում շատ կարևոր է դադարել ներքին թշնամիներ փնտրելը: Դա ում ասես ձեռնտու է, բայց ոչ մեզ:

Արտաքին ոլորտում աշխատողների շուրջ հիմա ևս պետք է համախմբվել. թե ԱԳՆ, թե խորհրդարանական դիվանագիտական հարթակներում և թե Սփյուռքի մեր կառույցների աշխատանքներում։ Սա ևս մեկ ճակատ է այդ նույն նենգ թշնամու դեմ»։

Տեսանյութեր

Լրահոս