«Էնի որ «Ջիփ» ծախող լինի, սահման գնացող լինի, կգնա, իրա տանը վեր չի ընկնի». Արշակ Զաքարյան
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են խոսակցությունները, որ Թալիշի ոճրագործություններն «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների ձեռագիրն է, ասաց՝ իսլամիստ ահաբեկիչները հենց ադրբեջանցիներն են.
«Եկեք մեղքը չբարդենք ուրիշի վրա: Հենց իրենք՝ ադրբեջանցիներն են տեռորիստը, հենց իրենք են գլուխ կտրողները, հենց իրենք են գերիներին գնդակահարողները, ոչ թե ինչ-որ արաբ: Հենց շատ լավ էլ իրենք են՝ իրենց բարակ բեղ ու մորուսով, իրենց վախկոտ աչքերով»:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի պլաններն ավելի մեծ էին, քան՝ ինչ որ եղավ.
«Ինչ որ եղավ, ընդամենը շեղող մանյովրն էր: Գլխավոր հարվածը, որ նրանք պատրաստել էին, մերոնք իմանալով՝ այդ շեղումով չտարվեցին, ու նրանց գլխավոր հարված հասցնող ուժը ջախջախեցին, դրա համար էլ Ալիևը սկսեց գոռալ, որ հրադադար է ուզում: Այդ որտե՞ղ եք լսել, որ ադրբեջանցին միակողմանի զինադադար անի: Իրենց գլխավոր պլանը ձախողվեց, իսկ թե ինչպես, ոնց, դա կթողնեմ զինվորականներին, եթե իրավունք կա, իրենք հետո կասեն»:
Հարցին՝ հրադադարին զինվորներն ինչպե՞ս արձագանքեցին, նա պատասխանեց.
«Իհարկե, շատերն էին դժգոհում, բայց մենք մի ավելորդ հայ չունենք կորցնելու: Ես երբեք իշխանամետ չեմ եղել, բայց այդ դեպքում իշխանությունը փորձում է խուսափել ավելորդ զոհեր տալուց: Եթե մենք կարող ենք ինչ-որ խնդիր լուծել՝ առանց զոհեր տալու, եկեք մեր երեխեքին խղճանք, չտանենք զոհենք:
Փոքրիկ ձորակի կամ սարի փոքր մասի համար տանենք մեր մատղաշ երեխեքին զոհե՞նք, երբ որ վաղը կարող ենք՝ առանց մեր կողմից մի զոհի, իսկ իրենց կողմից՝ շատ զոհերով, այդ ամենը հետ բերել: Դրա համար թողեք զինվորական գործը զինվորականներին: Ես էլ որ այնտեղ էի, մտածում էի՝ ի՞նչ զինադադար, բայց որ հասկանում ես՝ այդ ընթացքում շարունակում են զոհվել նաև քո զինվորները, և, որ այդ պստիկ ձորակը չարժի թեկուզ մեկ հայի մեկ եղունգը, երբ գիտես, որ այդ ձորակը վաղը հաստատ քոնն է լինելու, ես կարծում եմ՝ շատ ճիշտ որոշում էր՝ այդ րոպեին դադարեցնել կրակը»:
Նա ավելացրեց, որ Արցախ մեկնող կամավորներից շատերին պակասում էր կարգապահությունը.
«Կամավորը չպիտի պայման դնի, նա գնում է օգնելու, իսկ եթե դու գնում ես պայման դնելու, գնա տունդ վեր ընկիր»:
Իսկ այն խոսակցությունների մասով, թե ինչո՞ւ պետք է ժողովուրդն օգնի բանակին, այլ ոչ՝ «Ջիփ» ունեցողը վաճառի իր մեքենան, կամ իր տղային ուղարկի սահման, այսպես արձագանքեց.
«Էնի որ «Ջիփ» ծախող լինի, սահման գնացող լինի, կգնա, իրա տանը վեր չի ընկնի: Եթե օգնում ես, օգնիր, ուրիշին օրինակ մի բեր»։