Մարդասիրական պաշարով բեռնված ավտոշարասյունը հասել է Արցախ
Ապրիլի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Նախարար Ա. Երիցյանը շնորհավորեց և բեղմնավոր գործունեություն մաղթեց ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանին, ով նշանակվել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի համատնօրեն՝ Ռուսաստանի Դաշնության կողմից: Ա. Երիցյանը նշեց, որ կենտրոնի ստեղծումը մեծ ձեռքբերում է և այն համարվում է աշխարհում ամենախոշոր մարդասիրական արձագանքման կենտրոնը: Նախարարի հանձնարարությամբ` ՓԾ տնօրենի պատրականությունները ժամանակավորապես կկատարի ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը զեկուցեց Արցախի համար մարդասիրական օգնության հավաքագրման և տրամադրման ընթացքի մասին: Ապրիլի 9-ին ՀՀ ԱԻ նախարարությունից Արցախ է ուղևորվել մարդասիրական պաշարով բեռնված ավտոշարասյուն՝ կազմված 9 բեռնատար մեքենայից: Մ. Ղազարյանը հայտնեց, որ շարասյունն ապահով հասել է Արցախ, հավաքագրված սնունդն ու առաջին անհրաժեշտության պարագաները փոխանցվել են ԼՂՀ կառավարությանը:
Փոխնախարար Դ. Կարապետյանը զեկուցեց Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի արդյունքների մասին, որի ընթացքում հետևել է Ստեփանավանի օդանավակայանի շինարարական և Դսեղի ռադիոլոկացիան կայանի աշխատանքների ընթացքին:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը խորհրդակցությանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին, ներկայացրեց եղանակի կանխատեսումը: Տնօրենի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին տեղումները կշարունակվեն, բայց գրանցված ջերմաստիճանը կպահպանվի:
ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը զեկուցեց ապրիլի 7-9-ը Վիենայում անցկացված ԵԱՀԿ ամփոփիչ հավաքին մասնակցության և արդյունքների մասին:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գնդապետ Ա. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԻ նախարարությանը՝ Արցախին տրամադրվող մարդասիրական աջակցության կազմակերպման և փոխանցման համար: