Ադրբեջանական զինուժը Տավուշի ուղղությամբ անկանոն կրակահերթ է բացել
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 17 անգամ կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում: Հայ դիրքապահների ուղղությամբ կիրառվել են հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ և ականանանետեր: Ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը հիմնականում կրել են անկանոն բնույթ:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ կիրառելով հրաձգային և ականանետային զինատեսակներ: Մասնավորապես` հարավային և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա կրակոցներ են արձակվել 60 մմ ականանետից (2 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (14 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այսօր` ապրիլի 11-ին ադրբեջանական կողմին հնարավորություն կտրվի շփման գծում շարունակելու դիակների որոնման աշխատանքների իրականացումը:
Առայժմ շարունակում է մնալ անհայտ ՊԲ-ի մեկ զինծառայողի ճակատագիր, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ, աշխատանքներ են տարվում նրա ճակատագիրը պարզելու համար: