
«Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգի աթոռը վաճառել են 394 000 դոլարով

Կաղնու փայտից պատրաստված աթոռը, որի վրա բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը գրել է «Հարի Փոթերի» առաջին երկու հատորները, Heritage Auctions-ի Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 394 հազար դոլարով, տեղեկացնում է BBC ռադիոկայանը:
Գնորդը չի ցանկացել հրապարակել իր անունը:
Նշվում է, որ 1930-ական թվականներին պատրաստված աթոռը գրողին է հասել անվճար. այն դրված էր Էդինբուրգի մունիցիպալ բնակարանում, որտեղ նա ապրել է 1990-ական թվականների կեսերին: Նստատեղի երկայնքով հետեւյալ մակագրությունն է՝ «Ես «Հարի Փոթերը» գրել եմ այս աթոռին նստած»: Աթոռի թիկնակին Ջոան Ռոուլինգի ինքնագիրն է եւ խնդրանքը՝ կահույքի այս իրի մասին չդատել արտաքին տեսքով:
Գրողը դեռ 2002 թվականին աթոռը նվիրել էր բարեգործական մի կազմակերպության: 2009 թվականին այն հավաքորդներից մեկը գնել էր 29 հազար դոլարով: