Գերմանիայում առաջին անգամ թռչող ավտոմեքենա են փորձարկել
Գերմանիայում տեղի է ունեցել Volocopter-ի առաջին թեստային օդաչուավոր փորձարկումը, որը համարվում է առաջին թռչող ավտոմեքենան: Մեքենան մի քանի մետր վեր է բարձրացել եւ հորիզոնական դիրքով ոչ մեծ տարածություն անցել ժամում 25 կիլոմետր արագությամբ, հաղորդում է New Scientist-ն:
Թռչող ավտոմեքենան մշակում է Կառլսրուեում (Գերմանիա) հաստատված E-Volo ընկերությունը: Փոխադրամիջոցը հանդերձված է 18 կրող պտուտակներով: Կառավարման համակարգը մշակել է Intel-ին պատկանող եւ Գերմանիայում տեղավորված Ascending Technologies ընկերությունը: Volocopter-ի հսկողությունն իրականացվում է ջոյստիկի օգնությամբ:
Առանց վարորդի թռչող ավտոմեքենայի առաջին փորձարկումը տեղի է ունեցել 2014 թվականին: Հետագայում ինժեներները պլանավորում են սարքի թռիչքը թեստավորել մեծ տարածություններում եւ բարձրության վրա՝ ժամում մինչեւ 100 կիլոմետր արագությամբ: Volocopter-ի ստեղծողներն իրենց սարքը համարում են ապագա քաղաքի էկոլոգիական եւ անվտանգ թռչող ավտոմեքենան: