«Դա անընդունելի բան է». Վազգեն Մանուկյանը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին
Օրերս Ստեփանակերտում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, վարչապետ, այժմ՝ Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք 168.am-ի հարցերը և պատասխանները:
– Որքանո՞վ եք պատահականություն կամ դիտավորություն համարում վերջերս ռուս ռազմական փորձագետների կողմից մամուլում Լեռնային Ղարաբաղի ռազմական հնարավորությունների մասին հրապարակումները, որոնցում նրանք ներկայացրեցին զինատեսակները:
– Դժվար է ասել՝ պատահականությո՞ւն էր, թե՞ ոչ, կարծում եմ՝ ինչ-որ չափով կարող էին իրար հետ կապված լինել, բայց անկախ դրանից՝ լինելու էր այն, ինչ լինելու էր, որովհետև ուրիշ շատ ավելի կարևոր պատճառներ էլ կային:
– Դուք խոսում եք Մինսկի խմբի կողմից մոնիտորինգի անհրաժեշտության մասին, այնինչ շփման գծում վերահսկողական մեխանիզմների, սարքավորումների տեղադրման հարցն առաջ քաշվեց Մինսկի խմբի համանախագահների կողմից, Հայաստանն ու Ղարաբաղը համաձայնություն տվեցին, Ռուսաստանը խուսափողական պատասխան է տվել, իսկ Ադրբեջանը մերժել է: Որքանո՞վ այդ հարցը հիմա առաջ կմղվի:
– Չեմ կարծում, որ Մինսկի խումբն այդ հարցով պետք է բանակցի Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի հետ: Իրենց հանձնարարված է գործ, որ իրենք պետք է մոնիտորինգ անեն, պետք է կազմակերպեն բանակցային պրոցեսը, իրենց երկրները պետք է դիմեն, որպեսզի իրենց տրամադրվեն համապատասխան արբանյակային միջոցները:
– Այսինքն՝ համաձայնություն պետք չէ՞…
– Ես կարծում եմ՝ դա իրենց իրավասության մեջ է:
– Այս օրերին նաև պաշտոնական մակարդակով նշվում է, որ շատ հնարավոր է պահանջ ներկայացվի, որպեսզի Լեռնային Ղարաբաղը դառնա բանակցային կողմ, որքանո՞վ եք դա հավանական համարում:
– Այն, որ Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ, ակնհայտ է, և տարիներ առաջ էլ էր դա ակնհայտ: Ես կարծում եմ, որ հիմա՝ այս դեպքերից հետո, դա շատ ավելի ակտուալ է դառնում, ու պատահական չէր, որ CNN-ի եթերով անուղղակի ձևով Արտաքին գործերի երկու նախարարներ վիճեցին՝ Ղարաբաղի և Ադրբեջանի արտգործնախարարները: Այստեղ դիմադրողն Ադրբեջանն է, և ոչ թե՝ Հայաստանը:
– Արդյոք Հայաստանը կարո՞ղ է՝ որպես ՌԴ ռազմավարական գործընկեր, պահանջ ներկայացնել, որ Ռուսաստանն այլևս զենք չվաճառի Ադրբեջանին:
– Ընդհանրապես անհասկանալի է՝ կոնֆլիկտային կողմերում զենք վաճառել այն պետությունների կողմից, որոնք կոչված են՝ հաշտության պայմանագիր կնքեն. դա անընդունելի բան է, բայց դա պահանջելով չէ: Այո, կարող ես պահանջել, համենայն դեպս, այդ ձայնը պետք է բարձրացնել, որ պետք չէ զենք վաճառել, վերջիվերջո, այդ զենքով էին կրակում մեզ վրա:
Մանրամասները՝ առաջիկայում ներկայացվող 168.am-ի տեսանյութում: