
«Եթե իմ նպատակը գումարը լիներ, ես կընտրեի Հոլանդիայի հավաքականը». Արաս Օզբիլիզ

Իսպանական «Ռայո Վալյեկանոյի» կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը խոսել է ռուսական Matchtv.ru-ի լրագրողների հետ: Հարցազրույցը շոշափել է Արասի անվան հետ կապված շատ թեմաներ, բայց շեշտադրումն արվել է Արասի և նրա նախկին գործակալի հարաբերությունների վրա: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արասի նախկին գործակալ Դմիտրի Սելյուկը նրան անվանել էր մարմնավաճառ՝ նշելով, որ ազգային հավաքականում խաղալու համար նրան կաշառել են:
«Եթե իմ նպատակը գումարը լիներ, ես կընտրեի Հոլանդիայի հավաքականը: Հոլանդական անձնագրով ես մի քանի անգամ շատ կարող էի ճանապարհորդել: Ես ընտրել եմ սրտով, իմ ընտրությունը հեշտ չի եղել: Որպես ֆուտբոլիստ՝ ինձ համար ավելի լավ կլիներ խաղալ Հոլանդիայի հավաքականում, բայց ես պարտական եմ այն երկրին, որտեղ ապրում են իմ ծնողները: Ինձ հրավիրեցին Հոլադիայի 21 տարեկանների հավաքական, բայց ես երկու անգամ այցելեցի Հայաստան և հասկացա, որ ցանկանում եմ խաղալ այստեղ»,- նշել է Օզբիլիզը:
Անդրադառնալով Սելյուկի հայտարարությանը՝ Արասը նշել է, որ Սելյուկը կարող է ասել այն ամենը, ինչ ցանկանում է:
«Սելյուկի նպատակն անտեղի քաոս ստեղծելն է: Նա գուցե դա ասել է էմոցիաների ազդեցությամբ: Ես երբեք խնդիր չեմ ունեցել՝ կապված քաղաքացիությանս կամ ազգության հետ: Ֆուտբոլը միավորում է մարդկանց»,- նշել է Օզբիլիզը՝ խնդրելով փակել Սելյուկի թեման;
Սիրարփի Աղաբաբյան