Բաժիններ՝

BookPlus. Հայկական սոցիալական ցանց գրքասերների համար

Գրքասերների համար ստեղծված BookPlus սոցցանցը թույլ կտա ոչ միայն կարդալ գրքերը, այլև քննարկումներ անցկացնել, ծանոթանալ հեղինակների հետ, կազմակերպել հանդիպումներ:

Սա հայկական միակ սոցցանցն է, որը ստեղծված է ընթերցողների հետ ինտերակտիվ կապն ապահովելու համար: Նախագծի հեղինակ Անահիտ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Հայաստանում դեռևս չկա մի սոցցանց, որտեղ ընթերցողները, գրքերի հեղինակներն ու հրատարակիչները կկարողանան հաղորդակցվել միմյանց հետ:

«Հենց սա է պատճառը, որ ստեղծվեց BooksPlus գաղափարը, որն ապահովում է ընթերցող-հեղինակ-հրատարակիչ կապը: Ընթերցողը բաժանորդագրվելով հեղինակների և հրատարակիչների էջերին, կարող է կապ հաստատել վերջիններիս հետ հաղորդագրությունների, էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելել նրանց անձնական վեբ-կայքեր: Հրատարակիչներն ու հեղինակներն էլ, իրենց հերթին՝ հնարավորություն ունեն տեսնել իրենց բաժանորդներին, իրենց գրքերի մասին վիճակագրական տվյալներ ստանալ, առաջարկել նոր գրքեր և հավելումներ: Նաև թույլ է տալիս, որ տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ ևս կարողանան օգտվել ծրագրից»:

BookPlus կայքը ստեղծվելու է LibraryThing, Shelfari, Babelio, Goodreads հայտնի միջազգային կայքերի օրինակով, սակայն ունենալու է հեղինակների կողմից մտածված առանձնահատկություն, որը, ըստ հեղիանակների՝ գրավելու է ամբողջ շուկան:
Սոցիալական ցանցն ունենալու է մի շարք տարբերիչ առանձնահատկություններ:

Դրանցից է, օրինակ, բաժանորդագրության հնարավորությունը: Յուրաքանչյուր օգտատեր կարող է բաժանորդագրվել հրատարակչին կամ հեղինակին՝ վերջիններիս գործունեության մասին նորություններ ստանալու համար:

«Հրատարակիչը կարող է ստանալ վիճակագրական տվյալներ իրեն բաժանորդագրված օգտատերերի ակտիվության մասին՝ գրաֆիկական պատկերների և ծանուցումների տեսքով: Կարող է անմիջական կապ պահպանել օգտատերերի հետ էլեկտրոնային, նամակագրային տարբերակներով»,- նշում է Անահիտ Մանուկյանը:
Հատուկ նշումային համակարգը թույլ կտա համացանցից գտնել գրքի հետ կապված ողջ ինֆորմացիան՝ երգերի, նկարների, տեսանյութերի ձևով: Ինչպես նաև կարելի է հեշտությամբ գտնել գրքի աուդիո տարբերակը:

Ակտիվ օգտատերերի համար կգործարկվի հատուկ համակարգ:

«Յուրաքանչյուր օգտատեր որոշ գործողությունների համար ստանում է միավորներ, որոնց սահմանված նախնական չափից անցնելու դեպքում՝ օգտատերը կոչվում է՝ Super User: Այս կոչումը հնարավորություն է տալու օգտատերերին օգտվել ավելի լայն հնարավորություններից, ինչպիսիք են՝ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն, ծանուցումներ ընկերներին, ստանալ մասնակի վիճակագրական տվյալներ ընկերների միավորների վերաբերյալ, և այլն»:

Կայքում հասանելի է լինելու ձայնային որոնման համակարգը:

Նախագծի հեղիանկների կարծիքով՝ կայքն ունի մեծ հեռանկարներ: Չնայած թիմը փոքր է, ամեն ինչ արվում է պրոֆեսիոնալ և նորարարական լուծումներով: Հավելենք նաև, որ կայքը նախատեսված է մի քանի լեզուներով:

Գրքասերների համար պատրաստված սոցցանցը հասանելի է լինելու բոլորին և գործարկվելու է iOS, Android և Web հարթակներում:

Տեղեկացնենք նաև, որ BookPlus ստարտափը հաղթող է ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ անցկացվող Գյումրու համաֆինանսավորման դրամաշնորհային մրցույթում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս