«Զենք բռնել էլ չգիտեմ, բայց որ պետք լինի՝ կսովորեմ». Էդուարդ Թոփչյան
Քիչ առաջ Երևանի սրտում՝ Կասկադում, մեկնարկեց «Զինվորիս հետ» խորագիրը կրող բացօթյա բարեգործական համերգ-դրամահավաք, որից ստացված ողջ հասույթը կուղղվի պատերազմում զոհված զինվորների և ազատամարտիկների ընտանիքներին: Համերգ-դրամահավաքը կազմակերպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի նախաձեռնությամբ: Համերգին մասնակցում է նաև Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ: Համերգի ընթացքում հնչում են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
«Սա մեր՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ներդրումն է, որն այս անգամ որոշեցինք մեծամասշտաբ համաքաղաքային ակցիայի ձևով անցկացնել: Կնվագենք այն հանդիսատեսի համար, ովքեր կգան միանալու մեր համերգ-դրամահավաքին: Այստեղ երկու կողմերից հանգանակության արկղեր են դրված, ու պիտի խնդրենք, որ մեր համաքաղաքացիները միանան դրամահավաքին: Թեև ես հասկանում եմ, որ սա մեծ օգնություն չէ ստեղծված իրավիճակում, բայց մենք շարունակելու ենք մեր ուժերի չափով, գոնե մեր հոգու հանգստության համար ամեն կերպ մասնակից ու նեցուկ դառնալ սահմանին կանգնած մեր զինվորներին»,- համերգի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Թոփչյանը:
Ստացված հասույթը, ինչպես նշեց մաեստրո Թոփչյանը, կտրամադրվի այս օրերին սահմանում զոհված ազատամարտիկների ընտանիքներին. «Մենք երկար ժամանակ մտածում էինք՝ բանակի՞ն ուղարկել հավաքված հասույթը, թե՞ զոհված ազատամարտիկների ընտանիքներին, բայց այսօր բարձրաստիճան ատյանների հետ ունեցած խորհրդակցություններից հետո որոշվեց, որ հանգանակված ողջ գումարները կտրամադրվեն զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ինչը մենք սիրով կանենք»:
Կշարունակվի՞ հարաբերական զինադադարը, թե՞ կվերաճի նոր պատերազմի, Էդուարդ Թոփչյանը դժվարանում է պատասխանել. «Ես ինձ շատ վատ եմ զգում, որ չեմ կարողանում սահմանի բերանին կռիվ տվող տղաներին ինչ-որ բանով օգնել: Մեկ-մեկ մտածում եմ, թե ինչի՞ եմ ես հիմա այստեղ: Զենք բռնել էլ չգիտեմ, բայց որ պետք լինի՝ կսովորեմ: Ես երազում եմ, որ էլ ոչ մի հայ մարդ չզոհվի, և դա հիմա կոնկրետ ինձ համար ամենակարևոր առաջնահերթություններից է»:
Համերգը, որ մեկնարկել է րոպեներ առաջ՝ Կասկադում, կտևի մեկ ու կես ժամ: Համերգին ներկա էին մեծ թվով մտավորականներ ու արվեստագետներ, այդ թվում՝ նաև մեծանուն մաեստրո Տիգրան Մանսուրյանը: