Մի անգամ Թալիշում

Ապրիլի 3-ին Թալիշ հասանք ցերեկվա ժամը երեքի կողմերը։

Գյուղն ամայի էր։ Խաղաղ բնակչությանը, ինչպես հավատացնում էին մեզ, տարհանել էին։

Փողոցներում քաղցած կենդանիներ էին թափառում։ Շները սովից հաչում էին, նույնիսկ սրանց կապերը չէին հասցրել արձակել։ Հորդառատ անձրև էր։ Ջրի կաթիլները թրջում էին օբյեկտիվը։ Միացանք երկու ոստիկանի, որոնք սկսեցին գյուղը հետախուզել։

Ժամանակ առ ժամանակ թնդանոթների որոտն էր լսվում։ Հակառակորդի դիրքերն այնքան մոտիկ էին, որ արդեն դժվար էր հասկանալ՝ ով ում էր կրակում։ Մենք թափառում էինք գյուղում, ավերակներն էինք լուսանկարում։ Ոստիկանները տներն էին մտնում, այդտեղ թողած զենք ու փաստաթղթեր էին որոնում։ Իմ գործընկեր Հակոբ Պողոսյանը վստահ էր, որ տներից մեկնումեկում ադրբեջանցի զինվորների սպանած խաղաղ բնակիչներ կան։

German-Photo-T-6

Ի վերջո, նա գտավ այդ տունը՝ դիրքերին շատ մոտ էր։ Լուսանկարեց Ադրբեջանի կանոնավոր բանակի զինվորների անարգած անշունչ մարմինները։ (Լուսանկարները հետագայում ներկայացվեցին ՄԱԿ-ին՝ որպես ադրբեջանական զինվորականության վայրագության վկայություն)։

Ժամը հինգի մոտակայքում կրակոցներն ահագնացան։ Մարտակերտի Քրեական հետախուզության պետ Մանվել Մինասյանն առաջարկեց կարճ ճանապարհով հեռանալ գյուղից, իսկ ինքն ուղղվեց դեպի գյուղապետարանի մոտ գտնվող միլիցիոներական «Ուազիկը»։ Մենք թաղային Անդրեյ Ավանեսյանի հետ վազեցինք՝ հուսալով արագ լքել գնդակոծվող գյուղը։ Մանվելի հետ պայմանավորվել էինք հանդիպել գյուղի ծայրամասին. խոստացել էր մեքենայով այնտեղ գալ։

Անսպասելի հայտնվեցինք խաչմերուկում։ Որ կողմ փախչել այդտեղից՝ չգիտեինք։ Անդրեյը սկսեց զանգել իր գործընկերոջը, որ ճշտի ճանապարհը։ Կապն անտանելի էր։ Հանկարծ փողոցից ներքև մի կով տեսա։ Վազեցի, որ գյուղից դուրս գալուց առաջ մի կադր էլ նկարեմ։ Լուսանկարում էի կովին, երբ հանկարծ աջ կողմից բացվեց դարպասը ու աչքիս առաջ ուրվագծվեց ժպտացող մի գյուղացի։ Ապշահար եղա։ Այստեղ ախր չպետք է բնակիչ լիներ։ Չգիտեմ ինչու՝ ծերունուց մի բաժակ թեյ խնդրեցի։

German Photo-T (7)

GER_8364 German Photo-T (2) German Photo-T (1)

Ի պատասխան՝ ժպտաց. «Ի՞նչ թեյ, հիմա կինս սեղան կգցի, կնստենք, կխմենք»։

Նրանից ճառագող հանգստությունից ինձ մոտ ջղաձիգ ծիծաղ սկսվեց. «Հայրիկ, դու էստեղ մենակ չե՞ս… Կինդ է՞լ է էստեղ»։

Ծերուկը «հանգստացրեց» ինձ. «Ոչ միայն կինս, հարևաններն էլ»։

Վազեցի Անդրեյի մոտ, կանչեցի։ Մտանք մի տուն, որտեղ Թալիշի հինգ բնակիչ էին նստած։ Կանայք հողաթափերով էին ու թեթև հագնված։ Հասկացա, որ պետք է մոռանալ գնդակոծվող գյուղից արագ հեռանալու մտադրության մասին։ Մյուս կողմից՝ ինձ ապշեցրեց թաղային ոստիկանը. նա այնքան հանգիստ էր համոզում բնակիչներին, որ արագ հագնվեն ու դուրս գան տնից։ Կանանցից մեկը հայտարարեց, որ պետք է տուն գնա՝ իրերը հավաքելու։ Անդրեյն ուղեկցեց նրան։ Իրերը հավաքելու ընթացքում կանայք անընդհատ հորդորում էին ինձ ու Հակոբին՝ մի բան ուտել ու խմել։ Ես այդտեղ ինքնատիրապետումս կորցրի։ Շուրջն արկեր էին պայթում, իսկ նրանք հյուրասիրելու մասին էին մտածում։ Սկսեցի բղավել կանանց վրա, թե՝ օղի խմելու ժամանակ չի, պետք է հեռանալ։ Հակոբ Պողոսյանը մի կողմ տարավ ինձ ու խնդրեց՝ հանգստանամ. «Եղածը եղած է, հանգիստ խոսիր հետները։ Եթե նրանք խուճապի մատնվեն, այստեղից ընդհանրապես դուրս չենք գա»։

German Photo-T (4)

German Photo-T (3)

Մեկ էլ փրկարար «Ուազիկի» հռնդյունը լսվեց։ Մանվելը բերել-հասցրել էր տան մոտ։ Երբեք կյանքիս մեջ այդքան ուրախացած չկայի, որքան այդ միլիցիայի հնամաշ «Ուազիկը» տեսնելով ուրախացա։ Անմիջապես նետվեցինք փսղոցն ի վեր՝ Անդրեյին գտնելու։ Բարեբախտաբար, շատ շուտ գտանք նրան էլ, թալիշցի կնոջն էլ։

Մանվելն այնպես էր սլանում իր «Ուազիկով», որ չգիտեի՝ մեր շուրջը պայթող արկերի՞ց ավելի շատ վախենամ, թե՞ այն հեռանկարից, որ մեքենան կարող է շրջվել ոլորանում։

Լավ պրծանք։

Թալիշի ժողովրդին տարան Մարտակերտի ոստիկանություն։

Մինչ հրադադարը երկու օր դեռ կար։

Լուսանկարները՝ ԳԵՐՄԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ

 

Տեսանյութեր

Լրահոս