Ապրիլի 1-ից որդուց լուր չունեցող մայրը կայքի լուսանկարում է տեսել, որ որդին ողջ է. «Ազատություն»

Թալիշի զորամասերից մեկում ծառայող Գևորգ Սարգսյանի մայրը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման օրվանից տղայից լուր չուներ։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ լրատվական կայքերից մեկում հայտնված լուսանկարից է համոզվել, որ որդին ողջ է։

Կայքի տրամադրած լուսանկարը տեսնելուն պես, սակայն, անհանգիստ մայրը կասկածեց, որ այնտեղ իր տղան չէ․ «Չգիտեմ, համենայն դեպս, սիրտս հիմա անհանգիստ է: Գիտեմ, որ իմ տղան է, բայց համ էլ կասկածում եմ: Ուզում եմ Ռոզայից ճշտեմ»:

Ռոզան այն զորամասի խոհարարն է, որտեղ ծառայում է տղան։ Կայքում նկարը տեսնելիս տղային անմիջապես ճանաչել է, բայց հիմա ավելի մեծ չափսի նկարում Գևորգն իրեն նման չի։ Սարգսյաններն իրենց զինվոր որդուն վերջին անգամ 10 ամիս առաջ են տեսել։ Այս ընթացքում Գևորգն անճանաչելիորեն փոխվել է։

«Ռոզան ասում է՝ իրենց ռոտան է: Ինչքան է մեծացել, շատ հասունացել է դեմքը: Չաղացե՞լ է․․․ Չէ շորերն են․․․ Ինչքան բաների միջով են անցել»,- ասաց մայրը:

Վերջնականապես համոզվելով, որ լուսանկարում իրենց տղան է, ամբողջ ընտանիքի տրամադրությունը բարձրանում է։ Մայրը հպարտությամբ սկսում է պատմել, որ թեև տղայից հիմա լուր չունի, բայց վստահ է՝ նրա հետ ամեն ինչ լավ է։

«Ամսի 1-ին էր դիրքերից իջել, ասեց՝ իջնեմ բատալյոն, իրիկունը կզանգեմ՝ կխոսենք ու էդ զանգն է, որ պիտի գա: Էդ օրը չկա, հաջորդ օրը դե արդեն իմացանք էս խառնաշփոթի մասին», – «Ազատության»-ը պատմեց զինվորի մայրը:

Վերջին անգամ զրուցելիս, մոր հավաստամբ, Գևորգի տրամադրությունը բարձր էր, վստահ սեփական ուժերին․ «Ռիսկով, դուխով, ասում էր՝ չմտածեք, ամեն ինչ լավ է, մենք ստեղ մենակ չենք»:

Ինքնաձիգերով, մարտի պատրաստ զինվորների խմբակային նկարը Ազգանուշ Սարգսյանը ձեռքից վայր չի դնում։ Տղայի երկրորդ նկարն է զինվորական հագուստով, մինչև որդու վերադարձը պատրաստվում է տան ամենաերևրացող հատվածում փակցնել։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս