«Այդպիսի բացահայտ պաշտպանություն, որ ՌԴ-ն ցուցաբերում է Ադրբեջանին, ոչ մի դարաշրջանում չի եղել»

Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը

– Պարոն Հարությունյան, ի՞նչ եզրահանգումներ կարելի է անել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան և Բաքու այցից:

– Ներքին հարցերին չեմ տիրապետում, բայց այնքանով, որքանով տեղյակ եմ, էական որևէ բան չտվեց ղարաբաղյան հակամարտության հետ կապված: Ուղղակի հերթապահ նախադասություններ եղան` հավասարության նշան դնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մի քիչ դրական կարելի է համարել գազի գնի իջեցումը 15 դոլարով, բայց այսօր դա չէ էականը մեզ համար: Այսօր ինձ համար էականն Արցախի խնդիրն է, որ գնալով ավելի բարդանում և դժվարանում է, և առաջին հերթին՝ իմ հայրենակիցների և հարազատների ֆիզիկական անվտանգության խնդիրը: Եվ, պատկերացրեք, մեր դաշնակից երկրի վարչապետն այդ հարցով որևիցե էական հայտարարություն չարեց, հետևապես, ես`որպես արցախցի, գոհ չեմ այդ այցի արդյունքներից:

– Մեդվեդևը Բաքվում այցելեց Շահիդների ծառուղի, ծաղիկներ դրեց այնտեղ, խոսեց Ադրբեջանի և Ռուսաստանի դարավոր բարեկամության մասին:

Կարդացեք նաև

– Ես պատմաբան եմ, ինչպես գիտեք, որոշ չափով ծանոթ եմ հայոց պատմությանը, և կոնկրետ ինձ համար զարմանալի ոչինչ չկա, որովհետև հայ ժողովրդի պատմական ճակատագիրն այդպես է եղել իր ամբողջ ընթացքում: Մենք երբեք կոնկրետ բարեկամներ չենք ունեցել` սկսած Բյուզանդիայից, վերջացրած Ռուսաստանով: Ուղղակի հարաբերվել ենք, բայց չեմ հիշում որևիցե դեպք, որ վտանգի պահին, բացի անհատներից, որևէ պետություն օգնի Հայաստանին, ինչ-որ բան արած լինի: Այնպես որ, Մեդվեդևի հայտարարություններն ինձ համար զարմանալի չեն, որովհետև իր նախնիները Քեմալ Աթաթուրքին զինեցին նույն կերպ, ինչպես այսօր Ռուսաստանը զինում է Ադրբեջանին:

Անցած դարի 20-ական թվականներին մեր գլխին եկածը հատկապես ռուսների օգնության հետևանքն էր Քեմալական Թուրքիային, որ, Լենինի կարծիքով, պետք է այդ ամբողջ հեղափոխությունը տարածեր Մերձավոր Արևելքում: Բայց այդպես չեղավ: Եվ այսօր էլ, ինչպես նախկինում, Թուրքիան Ռուսաստանի թիվ մեկ թշնամին է, Ադրբեջանն էլ՝ որպես նրա կրտսեր եղբայրը, կարծում եմ, որ նույն դերակատարությունն ունի: Հետևապես, ինձ համար զարմանալի չէ ո´չ ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի հայտարարությունը, որ Ռուսաստանը կշարունակի զենք վաճառել Ադրբեջանին, և ո´չ էլ Մեդվեդևի Շահիդների ծառուղի այցելությունը: Այսօր մենք աշխարհում նորից մենակ ենք մնացել, և մեր հույսը պետք է դնենք մեր վրա: Եթե ներքին դավաճանություն չլինի, ներքին միասնություն լինի, կարծում եմ՝ այս ճգնաժամից էլ դուրս կգանք:

– ՌԴ-ի հետ հարաբերությունները վերանայելու առումով ի՞նչ պետք է անել:

– Չեմ կարծում, որ որևէ պետության հետ մենք պետք է մեր հարաբերությունները վերանայենք արմատական ձևով` ելնելով այն հանգամանքից, որ մեզ չեն օգնում:

– Բայց այսօր արդեն ոչ թե օգնության, այլ դավաճանության մասին է խոսքը:

– Դա արդեն ակնհայտ է, և, կարծում եմ, որ անպայման վեկտորի փոփոխություն կլինի, որովհետև այդպիսի բացահայտ պաշտպանություն և աջակցություն, որ ցուցաբերում են Ադրբեջանին, ոչ մի դարաշրջանում չի եղել: Պատկերացնո՞ւմ եք` Ռոգոզինը հայտարարում է, որ կշարունակեն զինել, այն էլ` արդիական զենքերով` քաջ գիտակցելով, որ այդ բոլոր զենքերն ուղղված են մեր դեմ: Իհարկե, ես ինձ չեմ վերապահում վերջին խոսքը: Վերջին խոսքը մեր ՀՀ նախագահինն է, մեր Ազգային ժողովինն է, մեր հասարակությանն է: Բայց առաջին և վերջին բանն այն է, որ մեր հույսը պետք է միայն ու միայն դնենք մեր վրա, չպետք է կրկնվեն պատմության դասերը, որ մի մասն արևմտամետ է, մի մասը՝ ռուսամետ, և այլն: Մենք պետք է ստեղծենք մի հասարակություն, որը բաղկացած կլինի հայամետ մարդկանցից, և միայն այդ կերպ մենք կարող ենք այս զուլումից, որ երկրորդ, երրորդ թե հարյուրերորդ անգամ է չոքել մեր դռանը, ազատվել և հաղթահարել մեր միասնությամբ:

Տեսանյութեր

Լրահոս