
ՊՆ-ն արձագանքել է ԱԹՍ-ների մասին հրապարակումներին. Մեդիամաքս

Մեդիամաքսը գրում է. ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայան այսօր արձագանքել է հրապարակումներին Հայաստանում անօդաչու թռչող սարքերի նախագծման ու արտադրման հեռանկարների մասին:
«Պաշտպանության նախարարությունը մի քանի ընկերությունների հետ համագործակցությունը ոչ թե կասեցրել, այլ սառեցրել է: Պատճառն այն է, որ որպես կանոն, սկզբնական փուլում ներկայացվում է մի գին, իսկ հետո` զգալիորեն ավելի բարձր գին՝ առանց լուրջ հիմնավորումների: Բնականաբար, այդ պարագայում առաջարկները մեր կողմից մերժվում են»,-Մեդիամաքսին ասել է գնդապետ Դանիել Բալայանը:
«ՊՆ-ն հիմա էլ պատրաստ է շարունակել համագործակցությունը ընկերությունների հետ, եթե ներկայացված առաջարկները համապատասխանեն բանակի պահանջներին ու խելամիտ գնային սանդղակում լինեն: ՊՆ ղեկավարության մոտեցումն այս հարցին մեկն է` ռազմաարդյունաբերական համալիրի արդիականացման համար հնարավորության սահմաններում աշխատել հենց հայկական ընկերությունների հետ: Դա ռազմական ծախսերին ուղղված գումարները կպահի երկրի ներսում, կզարգացնի ժամանակակից տեխնոլոգիաները, աշխատատեղեր կստեղծի ու ունեցած մոդելների հիման վրա մեզ թույլ կտա նոր սարքեր նախագծել»,- Մեդիամաքսին պատմել է գնդապետ Դանիել Բալայանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: