Թալիշը Արցախի դարպասն է և պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի դարպասը կանգուն լինի. Թալշցիների կոչը համայն հայությանը. panorama
«Թալիշում գրեթե ոչինչ չկա, գյուղն ահավոր վիճակում է, համարյա կանգուն տուն չկա, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, մենք վերադառնալու ենք Թալիշ»,- panorama.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խալափյանը:
ԼՂՀ հակամարտության գոտու հյուսիսարևելյան հատվածում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում առավելագույնը տուժած բնակավայրերից են Թալիշը, Մադաղիսը և Տոնաշենը, որոնց բնակիչները տարհանվել են և տեղափոխվել Արցախի ավելի անվտանգ գյուղեր կամ Հայաստան: Մելիտա Խալափյանը նշեց, որ Թալիշի 550 ազգաբնակչությունից ապրիլի 2-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել շուրջը 300-ը, որոնցից 90-ը երեխաներ են, 30-ը տարեցներ:
Թշնամու արկակոծության հետևանքով ընտանքիները կորցրել են ամեն ինչ և այժմ կարիք ունեն համայն հայության ինչպես ֆինասնասական, այնպես էլ հոգեբանական աջակցության:
«Մենք կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանն աջակցել հնարավոր միջոցներով, որպեսզի Թալիշը նորից վերականգնվի, քանի որ Թալիշը հնարավոր չէ միայն զենքով պահպանել»,- ասաց Մ. Խալափյանը` հավելելով, որ Թալիշը ժամանակին շեն բնակավայր էր, որը կարողանում էր տարեկան 2000 տոննա հացամթերք ու 4000 տոննա խաղողի բերք ապահովել:
«Թալիշը Արցախի դարպասն է, եթե այդ դարպասի բանալին այսօր թողնենք, մենք այլևս չենք կարող պայքարել նրա համար: Ուստի բոլորին խնդրում եմ օգնել ամեն ինչով, որպեսզի Թալիշը ոտքի կանգնի և Արցախի դարպասը կանգուն լինի: Թալիշը համայն հայության վերքն է և այն պետք է բուժել»,- ասաց Մելիտա Խալափյանը:
Անցած 20-22 տարիների ընթացքում Թալիշը կարողացել էր վերականգնվել, շենանալ, սակայն թշնամին կրկին փորձեց ավերել գյուղը:
«Այո, մենք երկրորդ անգամ բռնագաղթեցինք Թալիշից, բայց մենք հետ ենք վերադառնալու»,- ասացին ասուլիսին մասնակցող այլ թալիշցիներ:
«Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Վովա Բաբուրյանը նշեց, որ գյուղում ապրում է 137 ընտանիք 550 բնակչով: Գյուղի հիմնական դպրոցում սովորում է 105 աշակերտ, ուսանողների թիվը հասնում է 10-ի, իսկ մանկապարտեզի տարիքի երեխաների թիվը 35 է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: