Թեհրանի հայկական եկեղեցիներում զոհված հայ զինծառայողների համար պատարագ է մատուցվել
Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանի հայկական եկեղեցիներում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված հայ զինվորների ու ադրբեջանական վայրագությանը զոհ գնացած խաղաղ բնակչության հոգիների խաղաղության համար պատարագ է մատուցվել: Այս մասին տեղեկացրին Թեհրանի «Ալիք» օրաթերթից:
«Արցախ, Հայաստան, Սփիւռք, եռամիասնութիւնը այսօր աւելի քան ամուր ու հզօր է իր ազգային միասնականութեամբ ու մեզ յատուկ խենթ ու յախուռն տեսակով:
Իրանահայութիւնն իր պահանջի, ցասման ձայնը ու միաժամանակ հերոսական ոգով զոհւած հերոս զինւորների յիշատակը խնկարկելով, միասնութեան եւ զօրակցութեան թիկունքում մէկ անգամ եւս ամրագրեց, որ արցախցու հետ է նրա զօրեղ ոգու ու անկոտրում կամքի անբաժան ընկերը:
Երէկ առաւօտեան, Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Վարդանանց եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում Արցախեան նորագոյն հերոսամարտում ընկած ազգային հերոս զինւորների ու խաղաղ բնակչութեան թւում զոհերի հոգիների խաղաղութեան համար տեղի ունեցաւ յատուկ պատարագ եւ հոգեհանգստեան արարողութիւն:
Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում արարողութիւնը նախագահում էր առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, ում քարոզի հիմնաքարը Արցախեան վերջին օրերի առճակատումներում ընկած զինւորներն էին ու առաջնագծում կռւող տղաների սխրանքներըª անկոտրում կամքն ու հերոսական ոգին:
Աւելի ուշ արդէն եկեղեցու բակում լուռ համահաւաք էր եւ միաժամանակ ստորագրահաւաք, որի ընթացքում նաեւ հասարակութիւնը ինքնաբուխ ու առատաձեռնօրէն իր նւիրատւութիւններն էր անում Արցախին, որքանով որ կարող էր օժանդակում ու իր ոգու կանչը միացնում արցախցու հերոսական ոգուն, ասելով, որ իր հետ է՝ առաջնագծում կանգնած զինւորի կողքին, նահատակւած զոհերի ընտանիքների հետ միասին կիսում է համընդհանուր նրանց վիշտը ու զօրավիգ կանգնում նրանց: Այստեղ յաւելենք մի կարեւոր հանգամանք, որ նւիրատւութիւնները շարունակւում են եւ հասարակութեան մասնակցութիւնը աննախադէպ ակտիւ է:
Բակում, վերջին օրերի ընթացքում զոհւած զինւորների նկարներն էին՝ պատանին իր գլխից վեր էր պահում հասակակցի լուսանկարը ու արտասւում, հերոս զինւորի վերյառնած կերպարն էր զօրեղացնում իր ոգու խորքում:
Օրւայ առիթով արտայայտւեց Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ով իր խօսքում շեշտադրեց Ադրբեջանի նախայարձակ ու ապակառուցողական լինելու հանգամանքը եւ մասնաւորապէս ընդգծեց Իրանի պետական այրերի ողջախոհ կեցւածքը հրադադարի կիրառման եւ տարածաշրջանում խաղաղութիւնը վերականգնելու առումներով, որտեղ շեշտադրւեց յատկապէս նախագահ Ռոհանիի եւ արտգործնախարար Զարիֆի կառուցողական մօտեցումները:
Խորհրդարանի պատգամաւորի խօսքից յետոյ, որը իմիջիայլոց նաեւ աւարտն էր համահաւաքի, հաւաքւած հասարակութիւնը դեռ երկար եկեղեցու բակում էր ու մարդկանց լուռ հայեացքներում կարդում էիր ՙՈւրիշ էլ ինչ կարող եմ անել մեր հայոց միջնաբերդի թիկունքը աւելի ամրացնելու համար, պատրաստ եմ ու կանեմ՚:
Ս. Սարգիս եկեղեցում ներկայ էին Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը, Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ գործադիր անդամներ, ՙԱլիք՚ հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը եւ օրաթերթիս գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, Իրանում ՀՀ դեսպանութեան ռազմական կցորդ Սեւադա Շաբոյեանը, դեսպանորդ Գառնիկ Բադալեանը եւ 3-րդ քարտուղար Արթուր Յակոբեանը:
Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը, եւ դեսպանի տիկին Անահիտ Թումանեանը, հիւպատոս Գրիգոր Յակոբեանը, դեսպանութեան խորհրդականներ Սահակ Եղիազարեանը եւ Միքայէլ Հայիրեանը ներկայ են եղել Ս. Թարգմանչաց եկեղեցում կայացած արարողութեանը»,- ասվում է օրաթերթի հաղորդագրության մեջ: