Զոհված զինծառայող Հրաչյա Մուրադյանը երեք երեխաների հայր էր
Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած հակառակորդի կրակոցներից զոհված պայմանագրային զինծառայող 1983թ. ծնված Հրաչյա Մուրադյանը 3 երեխաների հայր էր: «Հավատս չի գալիս, կամ երևի չեմ ցանկանում հավատալ: Բոլորիս համար դու հերոս ես, ով իր կյանքը տվեց հանուն մեր խաղաղության: Խոնարհվում եմ քո և բոլոր զինվորների առջև, ովքեր իրենց ընտանիքներին, մայրերին, սիրելի կանանց թողել և սահմանն են պաշտպանում»,- ասում է Հրաչյայի կնոջ քույրը:
Նրա խոսքով՝ Հրաչյան մեկ տարի առաջ էր մեկնել ծառայության, ապրիլի 1-ին պետք է գար Երևան՝ ընտանիքին տեսակցելու, սակայն սահմանին տիրող լարվածության պատճառով չի կարողացել գալ: Վերջին անգամ Հրաչյան զանգահարել է մայրիկին՝ ապրիլի 7-ին, շնորհավորել է Մայրության տոնը՝ ասելով, որ չի կարող երկար խոսել:
Հրաչյայի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր, ժամը 18:00-ին, հուղարկավորությունը`վաղը՝ ժամը 13:00-ին, Երևանի Շերամի 55/45 հասցեից: