«Կարմիր կովը կաշին չի փոխի». Հայտարարություն
Հայ ժողովրդի համար վերջին բախտորոշ օրերին հարևան Վրաստանի իշխանությունների հավասարակշիռ և չեզոք դիրքորոշումը բարձր գնահատվեց Հայաստանի կողմից: Սակայն, ցավոք, Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը շարունակում է իրեն բնորոշ հակահայ վարքագիծը: Որպես ասվածի ցցուն ապացույց` մեջբերեմ վերոնշյալ կուսակցության անդամ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Գաբաշվիլիի ապրիլի 8-ին տարածած հայտարարությունը. «Մենք աջակցում ենք լարվածության թուլացմանն ու հակամարտության վերջնական խաղաղ կարգավորմանը: Հիմնական հարցն այն է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքի (այս դեպքում` Ադրբեջանի) ապահովմամբ…»:
Ուզում եմ հիշեցնել հակամարտության խաղաղ կարգավորման «ջատագով» պատգամավորին, որ ԼՂՀ կոնֆլիկտի պարագայում անաչառությունը ենթադրում է, որ առնվազն պետք էր նախ խոսել ազգերի ինքնորոշման, ինչպես նաև ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների մասին, որոնք այնպես ջանադրաբար մերժում են Ադրբեջանն ու նրա հովանավորները: Ավաղ, Սահակաշվիլիի կուսակցությունն` ուր, անաչառությունն ու սկզբունքներն` ուր: Այս կուսակցությունը խիստ «սկզբունքորեն» իր տխրահռչակ կառավարման 10 տարիների ընթացքում «հաջողեցրեց» Վրաստանն ընկղմել թուրք-ադրբեջանական տնտեսա-քաղաքական էքսպանսիայի ճահճի մեջ, որից դուրս գալու համար մեր հարևան երկրին երկար ժամանակ և շատ ջանքեր անհրաժեշտ կլինեն, էլ ուր մնաց զարմանանք նրա անդամների ադրբեջանանպաստ ճամարտանքների համար:
Ինչպես ասում են. «կարմիր կովը կաշին չի փոխի»: Ամեն դեպքում, այս մարդկանց շատ տխուր ապագա է սպասվում, որը պայմանավորված է տեսանելի հեռանկարում խավիարի սպառման վստահ կանխատեսումներով:
ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ
«ՋԱՎԱԽՔ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ