Ռուսաստանն արբանյակներից հետևում է Ղարաբաղում զորքերի տեղաշարժմանը
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում զորքերի տեղաշարժին հետևում են արբանյակների և վերահսկողություն իրականացնող այլ սարքերի միջոցով, այդ պատճառով էլ ոչինչ հնարավոր չէ թաքցնել: Այս մասին Մեդվեդևը հայտարարել է ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքով հեռարձակվող Вести в субботу ծրագրին տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Հիմա անհնար է որևէ բան թաքցնել: Ու, վաղ թե ուշ, ինչպես ասում են, այս կամ այն իրադարձությունների մասին տեղեկությունը ջրի երես դուրս կգա: Իսկ հիմա այդ ամենին ուշադիր հետևում են նաև արբանյակային հսկման և վերահսկողություն իրականացնող այլ միջոցների օգնությամբ»,- ասել է Մեդվեդևը՝ բացատրելով, թե արդյոք ռուսական արբանյակներն արձանագրել են զորքերի տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
Խոսելով Երևան և Բաքու կատարած այցերի մասին՝ Մեդվեդևը նշել է, որ գլխավորը եղել է ցույց տալ անհրաժեշտությունը՝ «հանգստանալ, կրակը դադարեցնել»:
«Գլխավորը հանգստություն ցուցաբերելու անհրաժեշտությունն է, կրակը դադարեցնելը: Հենց դրանով էլ զբաղվում են ռուս ներկայացուցիչները, ու ես ուրախ եմ, որ դա հաջողվել է անել»,- հավելել է Մեդվեդևը: