Meydan TV-ն ադրբեջանցի մահացած 81 զինծառայողների տվյալներ է հավաքել

Չնայած Ադրբեջանի պաշտոնական շրջանակները շարունակում են գաղտնի պահել ապրիլի 1-5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ առաջնագծում Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ագրեսիայի հետեւանքով սպանված սեփական զինծառայողների ամբողջական ստույգ թիվը, սակայն, ադրբեջանական աղբյուրները սեփական հետազոտության արդյունքում հայտնում են պաշտոնապես հայտարարված թիվը մոտ երեք անգամ գերազանցող տվյալներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է 31 զինծառայողի կորստի մասին (Mod.gov.az – ապրիլի 2-ին ` 12, ապրիլի 3-ին` 3, ապրիլի 4-ին եւ 5-ին` 16)` հանրությանը չներկայացնելով այդ անձանց ցուցակը, ինչը խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմի կորուստները շատ ավելին են:

Հետաքրքիր է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հատուկ նշել է, որ եթե զոհերի մասին իր հայտնած թվերից տարբերվող թվեր հայտնողներ լինեն, ապա «դա նրանց անձնական գործն է»:

Այդուհանդերձ, ադրբեջանական ինտերնետային Meydan TV լրատվական կայքը, շարունակելով ի մի բերել ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակաշրջանում սոցալական ցանցերում տարածված տեղեկությունները, հրապարակել է ապրիլի 8-ի օրվա վերջի դրությամբ ադրբեջանական կողմի ընդհանուր կորուստը` նշելով բոլոր սպանվածների անունները եւ նրանց հողին հանձնվելու վայրերը:

Ըստ Meydan TV-ի հրապարակման` Ադրբեջանի զինված ուժերի ապրիլի 1-7-ն ընդհանուր կորուստը կազմել է 81 զինծառայող, 6 անհայտ կորած զինծառայող, 6 քաղաքացիական անձ:

Տեսանյութեր

Լրահոս