Վրաստանի «Միացյալ ազգային շարժմանն» անհանգստացնում է Ղարաբաղի վիճակը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի համախոհները «Միացյալ ազգային շարժումից», անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիայից և ռազմական գործողություններից: Ինչպես հայտնում է «Գրուզիա Օնլայնը», կուսակցության անունից այս հայտարարությունն արել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Գաբաշվիլին:

Նրա խոսքով՝ Վրաստանի համար կենսականորեն կարևոր է, որ իր անմիջական հարևանությամբ և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն տիրի ու տարածաշրջանի բոլոր երկրները համագործակցեն քաղաքական ու տնտեսական առումներով:

«Մենք աջակցում ենք ապաէսկալացիային և հակամարտության վերջնական խաղաղ կարգավորմանը: Սակայն հիմնարար հարցն այն է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության (այդ դեպքում՝ Ադրբեջանի) հիմնարար սկզբունքների պահպանման, պարտադրված տեղահանված անձանց իրենց տները վերադարձի և բնակչության մարդասիրական կարիքների պաշտպանության վրա»,- հայտարարել է վրացի պատգամավորը:

Նրա խոսքով՝ ողջ հետխորհրդային տիրույթում հակամարտություններ սադրելը Ռուսաստանի քաղաքականության անկյունաքարն է:
«Ռուսաստանն այսօր էլ չի կարողանում հաշտվել հարևան պետությունների ինքնիշխանության ու անկախության հետ: Այս կոնկրետ դեպքում հետագա էսկալացիան Ռուսաստանի շահերից է բխում, որը բռնության սադրիչ է հանդիսանում»,- նշել է Գաբաշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս