Միջազգային մամուլի անդրադարձը՝ ԼՂ-ի ներկա դրությանը

Միջազգային խոշոր լրատվամիջոցները ԼՂ հակամարտության բռնկումից ի վեր անդրադառնում են տարածաշրջանում տիրող իրավիճակին:

«Ամերիկայի ձայնը» ներկայացրել է ԼՂ ներկայիս իրավիճակի շուրջ միջազգային խոշոր որոշ լրատվամիջոցներում և կազմակերպությունների մամուլում ապրիլի 7-ից 8-ը տպագրված անդրադարձները:

ԱՄՆ-ի «The German Marshall Fund» հիմնադրամը հոդված է տեղադրել «Ինչո՞ւ պետք է Արևմուտքը մտահոգվի ԼՂ-ի համար և գործի» վերնագրով:

Հոդվածը անդրադարձել է Եվրամիության կողմից «Ալևելյան հարևանություն» կոչվող տարածքում ներկա հինգ սառեցված հակամարտություններին՝ նշելով, որ դրանք ուղղակիորեն ազդում են միության անվտանգության վրա:

Հեղինակը նշում է, որ միջազգային բանակցություններում ԼՂ-ը ներկայացնող Հայաստանը աջակցում է տարածաշրջանի ինքնորոշման իրավունքը, մինչդեռ Ադրբեջանը պնդում է տարածքի վրա իր գերիշխանությունը: Մատնանշելով, որ Բաքվի և Երևանի անզիջող հռետորաբանությունը խանգարում է հիմնախնդրի հաջողությամբ լուծմանը, հատկապես, երբ տարածաշրջանի գերիշխող պետությունները հակամարտությունը օգտագործում են տեղում համակրանք չվայելող իրենց գործողությունները արդարացնելու նպատակով:

Բրիտանական «Reuters» լրատվամիջոցը հոդված է տեղադրել «ԼՂ-ի մարտնչող կողմերը համաձայնության են եկել՝ իրենց կողմի դիակները անվնաս կերպով հետ վերադարձնելու համար» վերնագրով:

Հոդվածը տեղեկացնում է, որ Ռուսաստանի օգնությամբ ԼՂ-ի հակամարտող կողմերը ուրբաթ օրը համաձայնվել են հրադադար պահպանել մինչ երկու կողմերը ռազմադաշտից հեռացնում են իրենց զոհերին:

Նշվում է նաև, որ հակամարտությունը Հարավային Կովկասում վախ է առաջ բերել, որ ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանում, որտեղ, Ռուսաստանին շրջանցելով, Կասպիական ավազանից վառելիք և բենզին է տեղափոխվում համաշխարհային շուկաներ, կարող է պատերազմ սկսվել:

Ամերիկյան «ABC News» լրատվամիջոցը հոդված է տեղադրել «ԼՂ-ի զինադադարը վտանգի մեջ է մինչ Ռուսաստանն ու Իրանը միանում են քննարկումներին» վերնագրով:

Հոդվածում ասվում է, որ մինչ Ռուսաստանն ու Իրանը դիվանագիտական ուժերը միացրել են պատերազմը կանխելու համար, հայկական և ադրբեջանական կողմերը շարունակում են միմյանց մեղադրել քաղաքացիական զոհերի պատճառ դառնալու մեջ:

Նաև նշվում է, որ Իրանի համար Բաքվի հանդիպումը շրջակա երկրների հետ տնտեսական կապերը ամրապնդելու հնարավորություն է: Հոդվածում ասվում է, որ հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարը կենտրոնացել է Ադրբեջանի և Ռուսաստանի հետ տրանսպորտի, էներգիայի և անվտանգության խնդիրների շուրջ համագործակցության վրա:

Ամերիկյան «The New York Times» լրատվամիջոցը հոդված է տեղադրել «Լուծե՛ք ԼՂ-ի հակամարտությունը, մինչ այն կպայթի» վերնագրով:

Հոդվածը տեղեկացնում է, որ ԼՂ-ի հակամարտությունը բռնկվել է նախորդ շաբաթ և բռնկման ավելի հավանական նախաձեռնող է անվանում Ադրբեջանին: Ասվում է, որ տասնյակ զինվորների կյանք խլած ընդհարումը այժմ հրադադարի փուլում է, սակայն այն ցանկացած պահի կարող է խարխլվել, եթե միջազգային համայնքը լուրջ քայլեր չձեռնարկի:

Տեսանյութեր

Լրահոս