«Ռուսաստանն այնպես է արել, որ հաղթանակի տեսանկյունից պատերազմը Ղարաբաղի համար անհնար է». Իգոր Կորոտչենկո
«Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ-երի միջև առկա ուժային հավասարակշռությունն է որոշում իրավիճակը Ղարաբաղի շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական զենքի գործարքների վերաբերյալ հասարակության շրջանում առկա դժգոհություններին ու ՀՀ իշխանությունների արտահայտած մտահոգություններին:
Իգոր Կորոտչենկոն նշեց, որ մատակարարելով սպառազինություն Հայաստանին ու Ադրբեջանին՝ Ռուսաստանն այնպես է արել, որ ոչ մի առավելություն Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ չունի: «Ադրբեջանը ստացել է ռուսական սպառազինություն համաշխարհային գներով, Հայաստանը ստացել է կա՛մ արտոնյալ գներով, կա՛մ անվճար առաքումների տեսքով, ուստի Հայաստանի ներկայիս ռազմական ներուժը ոչնչով չի զիջում Ադրբեջանի ռազմական ներուժին»,- ասաց նա: Դիտարկմանը, թե Գերմանիայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանյան ուժերը 1980-ական թթ. զենքով են պաշտպանվում, Կորոտչենկոն ասաց, որ իր տվյալներով՝ Հայաստանն Ադրբեջանին չի զիջում նաև ժամանակակից սպառազինության ոլորտում: Նրա համոզմամբ՝ հենց ուժերի հավասարակշռությունն է այսօր որոշում այն իրավիճակը, երբ պատերազմը Ղարաբաղի համար անհնար է` ռազմական հաղթանակի տեսանկյունից: