«Որքան էլ ծիծաղելի է, զենքի վաճառքը հակամարտող կողմերին Ղարաբաղում ՌԴ-ի միջնորդության գործոնն է». Ալեքսեյ Մալաշենկո
«Ես հասկանում եմ և՛ Սարգսյանին, և՛ Պուտինին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ, նույն կենտրոնի «Կրոն, հասարակություն և անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոն` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին՝ հատկապես խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ռուս-ադրբեջանական զենքի գործարքների վերաբերյալ արտահայտած մտահոգությունների մասին, որոնք հնչեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումների ժամանակ:
Հիշեցնենք, որ երեկ Երևանում Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ասել է. «Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ: Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ և՛ երեկ, և՛ այսօր լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են, և մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով՝ ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից և մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ, որովհետև երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից մենք՝ որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր, չէինք կարող մի կողմ մնալ այդ ամենից»:
Մալաշենկոյի կարծիքով՝ Ռուսաստանը շարունակելու է իր քաղաքականությունն այնպես, ինչպես եղել է, և դա միանգամայն պարզ է, որովհետև հակամարտող երկու երկրներին զենք մատակարարելը, որքան էլ որ դա ծիծաղելի է հնչում, Ռուսաստանի միջնորդության գործոնն է, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ կողմերից որևէ մեկի հաղթանակով: «Այսինքն` սպառազինության վաճառքը շարունակվելու է, թեև Ադրբեջանը կարծես թե լուրջ գումարներ այսօր չի վճարում, բայց այստեղ դա այդքան էլ կարևոր չէ, ուստի այս իրավիճակում ես հասկանում եմ և՛ Սարգսյանին, և՛ Պուտինին, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր տեսանկյունից ճիշտ է:
Մի կողմից՝ իրավիճակն աբսուրդային է, բայց մենք գիտենք այլ օրինակներ, երբ այլ երկրներ են սպառազինություն մատակարարել և՛ մեզ, և՛ ձեզ: Ես մեծ խնդիր այստեղ չեմ տեսնում, բայց դա, իհարկե, լավ չի ընկալվում, ինչը ես հասկանում եմ, բայց հասկանում եմ նաև, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել երկու կողմերին էլ, և յուրաքանչյուր կողմ իր եզրակացություններն է անելու դրանից՝ լինելով դժգոհ իրավիճակից, բայց սա է դրությունը: Չնայած դժգոհություններին` Ռուսաստանը դա չի փոխելու, քանի որ այլ շահեր ևս կան»,- ասաց «Կարնեգի» կենտրոնի առաջատար վերլուծաբանը:
Ալեքսեյ Մալաշենկոյի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: