Դատավորը՝ ամբաստանյալին. «Արվեստագետները լուսնից չեն իջել». Սկսվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործի քննությունը
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործի քննությունը: Դատարանն այսօր ճշտեց ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի անձնական տվյալները, ինչից հետո նիստը հետաձգվեց, քանի որ դատարան չէին ներկայացել ամբաստանյալի պաշտպանն ու տուժողի իրավահաջորդը: Անձնական տվյալները ճշտելիս պատասխանելով դատավորի հարցին՝ Մուշեղ Մխիթարյանն ասաց, որ ծնվել է 1983թ.. մինչդեռ մեղադրական եզրակացության մեջ առկա է նշում այն մասին, որ նա ծնվել է 1995թ.:
Մուշեղ Մխիթարյանն ասաց, որ նախկինում դատված չի եղել, ամուսնալուծված է, ունի 1.5 տարեկան երեխա: Աշխատել է Երևանի «Յանուս» թատրոնում՝ որպես տնօրեն և գեղարվեստական ղեկավար: Դատավորը նշեց, որ ամբաստանյալի անձնագրում էլ նշված է, որ նա ծնվել է 1995թ.:
«Այդ թվականի մասին շատ եմ լսել այս ընթացքում, բայց չգիտեմ՝ դա ինչ թվական է, որտեղից է վերցված»,- հայտարարեց Մուշեղ Մխիթարյանը՝ նշելով, որ ծննդյան տարեթիվը սխալ է նշված: Դատավորի հարցին, թե կարո՞ղ է արդյոք այլ փաստաթուղթ ներկայացնել, որ ծնվել է 1983թ., Մուշեղ Մխիթարյանը պատասխանեց, որ 2008թ., հանդիսանում է «Յանուս» թատրոնի ղեկավարը, ինչը, ըստ նրա, բավարար է:
Դատավորն էլ ասաց, որ դրան ժամանակին պետք է հետևվեր, այդ անձնագրով տնօրեն է աշխատել, չգիտե՞ր, որ սխալ է նշված անձնագրում, Մուշեղ Մխիթարյանը պատասխանեց. «Ես արվեստագետ եմ»:
Դատավորն էլ արձագանքեց, որ «արվեստագետները լուսնից չեն իջել»:
Մուշեղ Մխիթարյանն ասաց, որ ազգությամբ հայ է, ՀՀ քաղաքացի, սովորել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, մասնագիտությամբ բեմադրիչ է: Դատավորն ասաց, որ մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ ամբաստանյալը միջնակարգ կրթություն ունի, ինչին ի պատասխան՝ Մուշեղ Մխիթարյանը հայտարարեց, որ միայն կարդացել է մեղադրանքի բուն հիմքերը:
Նշենք, որ Անի Մաջնունյանի դին հայտնաբերվել էր 2015թ. օգոստոսի 5-ին` իր բնակարանի ննջասենյակում, հատակին բերանքսիվայր ընկած, սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ սպանությունը տեղի է ունեցել ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով.
«Նախնական քննության տվյալներով՝ դիակի հայտնաբերման նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Անի Մաջնունյանին է այցելել վերջինիս ծանոթ Մ.Մխիթարյանը։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ տանն առկա գումարը հափշտակելու դիտավորությամբ տղամարդը բնակարանի ննջասենյակում հարձակվել է Անի Մաջնունյանի վրա և դանակով, բութ առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Տուժողի գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին և ձախ ստորին վերջույթների շրջաններում հայտնաբերվել է ծակած-կտրած և կտրած, թափանցող և չթափանցող 59 վնասվածք, որոնք էլ իրենց համակցության մեջ առաջացրել են հեմոռագիկ շոկ, որն էլ բերել է Ա.Մաջնունյանի մահվան: Ըստ քննության տվյալների՝ բնակարանում փնտրելով ու չկարողանալով գտնել Ա.Մաջնունյանի կուտակած գումարը՝ Մ.Մխիթարյանը հափշտակել է տարբեր զարդեր, տուժողի բջջային հեռախոսները, փակել դուռը և հեռացել»: