«Ալիևը իմացել է, որ Անին է ուզում գնալ Ղարաբաղ, վախեցել ու մեզ հետ հրադադարի պայմանագիր է խնդրել կնքել». Կոմանդոս

Արկադի Տեր-Թադևոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ այս օրերին բոլորը ձգտում են օգնություն ցուցաբերել ղարաբաղաադրբեջանական շփման գոտում տեղի ունեցող ռազնական գործողություններում. «Հազարավոր կամավորներ գնացել են հիմա Ղարաբաղ: Մեր խնդիրն է, որ 10 անգամ պակաս գնան, բայց գնան մարդիկ, որոնց գնալն ավելի արդյունավետ կլինի»: Նա նշեց, որ դրա համար ուզում են ուսումնական կենտրոն բացել, որտեղ կպատրաստեն զինվորներին. «Որ այդպիսի պատրաստված մարդկանցով արագ օգնության հասնենք»:

Անդրադառնալով այն դեպքին, երբ զինվորը նռնականետով ուղղաթիռ է խփել, նա ասաց, որ դա պրոֆեսիոնալիզմի արդյունք էր. «Դա հրաշք չէր, իր գիտելիքների շնորհիվ նա խփեց ուղղաթիռին»:

Նա մի հետաքրքիր դեպք պատմեց, թե ինչպես է իր մոտ՝ ԴՕՍԱԱՖ գնացել մի աղջիկ երեխա ու խնդրել, որ իրեն առաջնագիծ տանեն. «Ես մի ընկեր ունեմ՝ Աշոտ Աբրահամյան (իմ մարտական ընկերն է, մենք միասին ենք կռվել), նա եկավ, անդամագրվեց: Երկու օր անց եկավ իր աղջիկը՝ Անին, ասեց՝ ես էլ եմ ուզում: Տղամարդիկ, որ գնում են, դա մեր պարտքն է, իսկ երբ դպրոցից երեխաներ, ջահել աղջիկներ են գալիս, առաջին անգամ եմ նման մեծ քանակություն տեսնում: Ես հավաքեցի բոլոր կանանց, խնդրեցի, որ ծափահարեն, կանչեցի Անիին ու ասեցի՝ եկեք ծափահարենք նրան, ու կատակեցի՝ որովհետև նրա շնորհիվ է հրադադարը. Ալիևը իմացել է, որ Անին է ուզում գնալ Ղարաբաղ, վախեցել ու մեզ հետ հրադադարի պայմանագիր է խնդրել կնքել»:

 

Տեսանյութեր

Լրահոս