Բաժիններ՝

«Դա կլինի Ադրբեջանի վերջը». Կոմանդոս

«Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանը պարզ ասաց՝ մենք ուզում ենք մեր մեթոդով հարցերը լուծել: Ադրբեջանի համար այդ կռիվը ձեռնտու չէ, նրանք չեն էլ ուզում այդ կռիվը, բայց նրանց ստիպեցին հարևանները։ Հարևանները ստիպեցին ոչ թե Ղարաբաղի դեմ, այլ Ռուսաստանի դեմ: Խաղ է գնում: ՌԴ-ի դեմ մի քանի տեղից գործողություններ կան Ղրիմում, Ուկրաինայում, Աֆղանստանում ևայլն: Այսպես մի խաղի մեջ մենք ենք հիմա, եթե միայն հայ-ադրբեջանական հարց լիներ, մենք շատ հեշտ կարող էինք լուծել: Իմանայինք՝ ինչ է կատարվում: Թե ինչ են ուզում խաղացողները, շատ դժվար է հասկանալ: Բայց այն, որ գնում է մեծ ու բազմակողմանի խաղ, պարզ է: Ամեն մեկն իր կարծիքն ունի, սա իմ կարծիքն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը:

Լրագրողի հարցին՝ Ռուսաստանը, զինելով Ադրբեջանին, չի՞ հասկանում, որ այդ զենքը հենց իրենց դեմ էլ կարող է գործածվել, այդքան միամի՞տ են, նա պատասխանեց. «Թուրքիան ու Ադրբեջանը ինձ շատ են «դուր գալիս», ասեմ՝ որ իմաստով. Սիրիայում քաոս ստեղծեցին, գցեցին ուրիշի վրա՝ ՌԴ-ի վրա, ինչ արեցին՝ գցեցին սրա-նրա վրա: Նույնը հիմա. Ադրբեջանը ստում է, և միջազգային հանրությունը կամաց-կամաց սկսում է հասկանալ իրենց սուտը:

Իհարկե, նրանք խաբեցին ռուսներին, քանի որ խոստացել էին, որ ժամանակակից զենքը, որ հիմա կիրառում են Ղարաբաղի դեմ, չկիրառել: Հիմա թող Շոյգուն գլուխ հանի, թե ինչու է այդպես լինում, կամ Մեդվեդևը զանգի ու իր գործընկերների հետ հարցերը լուծի: Այսինքն՝ Ադրբեջանը հերթական անգամ արեց իր ստոր քայլը, այլ բան չեմ կարող ասել»:

Նրա խոսքով՝ չի կարելի մի սանտիմետր տալ կամ հետ գնալ, կամ փոխարինել այլ տարածքներով. «Ռուսաստանը ռուս քաղաքագետների խոսքերով ասում է, որ ամենադժվար կացությունն իրենցն է, քանի որ Հայաստանն իրենց ռազմական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկերը: Դե եկ հասկացիր, թե ում կողմից է Ռուսաստանը. Շատ դժվար է հասկանալ: Այդ հավասարությունը մեզ վնասում է»:

Ըստ Կոմանդոսի՝ եթե տարածքային զիջումների կամ փոխանակումների գնանք, հակառակորդին թույլ կտանք արագ մեզ խեղդել. «Պանթյուրքիզմի երազանքն է մեզ ոչնչացնելը։ Ռուսաստանը դա շատ լավ հասկանում է, նա ունի իր տնտեսական հետաքրքրությունները. երկաթգիծն է այստեղ գլխավոր դերը խաղում»։

Նրա խոսքով՝ լայնածավալ հարձակումը Ադրբեջանի կողմից ձեռնտու չէ հենց իրեն՝ Ադրբեջանին. «Դա կլինի Ադրբեջանի վերջը: Ադրբեջանը նստած է նավթի վրա և եթե Ադրբեջանի վրա ուղարկես մի քանի հրթիռ, ապա 30-40% ը նրա տարածքի կարելի է ոչնչացնել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս