Երևանում անցկացվելու է լռության երթ՝ ի հիշատակ զոհված զինվորների
Ի հիշատակ վերջին օրերին սահմանին զոհված զինվորների ապրիլի 10-ին ժամը 19:00-ին Երևանի Ստ. Շահումյանի անվան հրապարակից կմեկնարկի Լռության երթ:
«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվեց: Հակառակորդի կողմից սանձազերծված մարտերում ունենք զոհվածներ, վիրավորներ եւ անհետ կորածներ։ Ցանկությունը մեծ է ներկա լինել բոլոր զոհված զինվորների վերջին հրաժեշտին ու խոնարհվել նրանց ընտանիքի առջև, սակայն հերոսաբար զոհված տղաները Հայաստանի տարբեր մարզերից են։ Ուստի, որպեսզի կարողանանք հարգանքի տուրք մատուցել բոլոր զոհվածներին, մենք՝ մի խումբ քաղաքացիներով, ցանկանում ենք ապրիլի 10-ին ժամը 19:00-ին լռության երթ անցկացնել դեպի Եռաբլուր, որտեղ կիրականացնենք խ որհրդանշական մոմավառություն՝ ի հիշատակ նահատակների»,- ասված է երթի նախաձեռնող թիմի տարածած հաղորդագրությունում:
Երթի մասնակիցներին խնդրում են գալ մոմերով և ծաղիկներով: Լռության երթին կմիանան նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան, Կոտայքի և այլ թեմերի քահանաները, ովքեր էլ կմատուցեն հոգեհանգստյան կարգ: Երթի անցկացումն ի գիտություն է ընդունել Երևանի քաղաքապետարանը: