Սփյուռքը համախմբված և շատ անհանգիստ է այս հարցում. Ռազմիկ Մանսուրյան
Վերջին օրերին մթնոլորտը խաղաղ չէ ոչ մի հայ ընտանիքում՝ լինի Արցախում, Հայաստանում, թե սփյուռքում: Մեր զինվորների արիությամբ ու հերոսությամբ հպարտանալով մեկտեղ՝ ամեն պահ վախ ու սարսափ ենք ապրում՝ հանկարծ ու մի վատ լուր չլսենք, հանկարծ ու մի զինվոր չկորցնենք: Հայկական համախմբվածությունն այսօր ակնհայտ է, մտահոգ ու պատրաստակամ են ոչ միայն այստեղ, այլև սփյուռքում:
«Գիտենք, որ այդ կեղտոտ ցեղը զինադադարի պայմանագիրը ժխտելով՝ նորից բարբարոսաբար հարձակվել է մեր զինվորների, մեր սահմանի վրա: Այստեղ՝ սփյուռքում, բոլորս իրար ենք խառնված, անհանգիստ ենք: Չէ՞ որ հայրենիք ունեցող յուրաքանչյուր մարդ սրտացավ է իր հայրենիքի համար: Ոչ մի կապ չունի, որ մենք հիմա հեռավորության վրա ենք գտնվում: Սփյուռքը համախմբված և շատ անհանգիստ է այս հարցում: Հավաքված լինենք ընկերներով, թե հարազատներով՝ մեր խոսակցության թեման միշտ մեր զինվորներն են, մեր հողն ու ջուրը, մեր երկիրը: Խաղաղ ժամանակ էլ է այդպես, մեր սիրտն ու հոգին միշտ մեր ժողովրդի հետ է, մեր հայրենիքի մեջ ու մեր հայրենիքի հետ: Վաղը պատրաստվում ենք բողոքի ցույց ունենալ Ադրբեջանի դեսպանատան դիմաց, երկու օր առաջ էլ մեր դեսպանատան մոտ էինք հավաքվել՝ մոմավառությամբ՝ ի հիշատակ զոհված զինվորների»,-Aysor.am-ի հետ զրույցում հուզմունքով նշեց ԱՄՆ-ում բնակվող դերասան-երգիչ Ռազմիկ Մանսուրյանը:
Արդեն երկու օր է՝ հայտարարվել է, որ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն, ինչպես միշտ, մեր հակառակորդի համար որևէ խոստում արժեք չունի: Նա, ընդհանրապես, արժեքներ չունի: «Նրանց հավատալ չի կարելի, իրենց ամեն մի խոսքն է սուտ: Թուրքը ոչինչ չի կարողացել անի ու այսքան ամպագորգոռ հայտարարություններ է անում, բա որ մի բան արած լինեին՝ ի՞նչ կանեին, պատկերացնո՞ւմ եք: Ես դրանց ոչ մի խոսքին, առաջարկած ու կնքած պայմանագրերին չեմ հավատում, կարող են փափուկ բարձ դնել մեր գլխի տակ, մի բան ասել, մեկ այլ բան անել… Միևնույն է, իրենք օրինական քայլեր երբեք չեն անում: Ասում են՝ զինադադար, ու նորից հարձակվում: Մինչև ապրիլի 1-ն էլ է այդպես եղել, միշտ էլ հարձակվել են, փորձել ոչնչացնել մեր զինվորներին»,-բարկացած նշեց մեր զրուցակիցը:
Մեր հաղթանակն ու ապահովությունը միայն մեզանից է կախված: Ռ. Մանսուրյանի խոսքերով՝ պետք է շատ զգոն, մարտունակ, կազմակերպված և ուշադիր լինենք: Համախմբվածությունն էլ ավելի կամրապնդի մեր ուժն ու կորովը: «Չի կարելի դրանց խոսքին հավատալ: Ես մեր ժողովրդի ցա՛վը տանեմ: Երկրի ներսում այդքան անհամաձայնություններ եղան, անհավասարություններ, տարբեր խնդիրներ, բանտարկություններ… Բայց տեսա՞ք՝ պատերազմը նորից ինչ արեց, բոլորը միահամուռ կերպով վազեցին սահման: Մի քանի օր առաջ տարիքով մի մարդու տեսա, ով նեղացած ասում էր, որ ընդամենը 6 ամիս առաջ է 70 տարեկան դարձել, ինչի՞ իրեն չեն տանում սահման»:
Ռազմիկ Մանսուրյանը վստահեցեց, որ ԱՄՆ-ում բնակվող հայ երիտասարդներն ամեն պահ պատրաստ են մեկնել Արցախ: «Ես ի՞նչ կարող եմ անել, արվեստագետ եմ, տարիքս էլ փոքր չի՝ 60 տարեկան եմ: Իմ հնարավորության սահմանում միշտ օգնել եմ իմ ժողովրդին, իմ երկրին: 26 տարի է՝ ապրում եմ ԱՄՆ-ում, 72 անգամ բարեգործական համերգ եմ ունեցել՝ հասույթը փոխանցելով Արցախի վարժարաններին, շինարարությանը… Ասեմ, որ քրոջս տղան բանկում է աշխատում: Ասաց, որ շատերն են գնացել, ասել, որ իրենց հաշվեհամարները փակեն, որպեսզի իրենք մեկնեն Հայաստան: Ասել են՝ մենք էստեղ ի՞նչ գործ ունենք հիմա, մենք կռված տղերք ենք, պիտի գնանք մեր երկիրը պաշտպանենք: Հա, այստեղ շատ կան կռված տղերք… Այնպես որ, անկախ ամեն ինչից՝ նեղության մեջ հայը հային թիկունք է լինում, համախմբվում ենք ու ամեն ինչ անտեսում: Մեր ժողովուրդը չկոտրվող ժողովուրդ է: Մեր կռիվը դավանանքի հետ կապ չունի, սա պայքար է հայրենիքի համար, մեր պատիվն է»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: