«Այսօր մենք չենք պայքարում տարածքների համար, մենք պայքարում ենք մեր հայրենի երկրի համար». Բակո Սահակյան
Մինչև ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հարաբերական խաղաղությունն ապահովվում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համանախագահության շնորհիվ: Այս մասին այսօր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ իրազեկման կենտրոնում մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Նա նշեց, որ հնարավորությու է ունեցել և այսօր էլ ունի` գնահատականներ տալու և ոչ միայն գնահատական է տվել, այլև շնորհակալություն է հայտնել միջազգային հանրությանը` գործադրվող ջանքերի համար:
«Այդ երախտագիտությունը և շնորհակալությունը հայտնելով` ես զուգահեռ ներկայացնում էի իմ և մեր դժգոհությունները նրանց կողմից իրականացվող առաքելության հետ կապված: Բոլոր հանդիպումների ժամանակ ես բարձաձայնում էի, որ խանգարված ձևաչափի պայմաններում անհնարին է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում վերջնական լուծման»:
Նա կարծիք հայտնեց, որ վերջին իրադարձությունները հիմք կհանդիսանան միջազգային հանրության համար վերանայելու իրենց դիրքորոշումը և լուծում տալ Արցախի Հանրապետությանը բանակցությունների լիիրավ կողմ դարձնելու հարցին:
Բակո Սահակյանն ասաց, որ ցանկանում են, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունն Արցախին ուղղված լինի ոչ միայն պատերազմական և ռազմական գործողությունների իրականացման շրջանում. «Երբ մենք դժգոհում ենք առաքելությունից, դժգոհում ենք նաև այդ առումով` Արցախի և արտաքին աշխարհի միջև ստեղծվել է անհասկանալի անջրպետ: Մենք ընտրել ենք այս` մեր սեփական ճակատագիրը կառուցելու ուղին` ժողովրդավարական սկզբունքներին համաձայն` ցանկություն հայտնելով և միջազգային հանրությանը հայտ ներկայացնելով` նրա լիիրավ անդամ լինելու համար»:
ԼՂՀ նախագահն ասաց, որ ադրբեջանական կողմից հիմնախնդիրն աղավաղված է ներկայացվում, կողմի հիստերիա ցուցաբերեոլու ժամանակ նրանք խոսում են` նշելով տարածքներ. «Ես նշել եմ, որ այս հիմնախնդիրը ծնվել է 1 դար առաջ, և այսօր մենք չենք պայքարում տարածքների համար: Մենք այսօր պայքարում ենք մեր հայրենի երկրի համար, և տարածքների մեջ այս հիմնախնդիրը տեսնելու ձևակերպումը չի համապատասխանում հիմնախնդրի լուծման մեր ընկալմանը:
Հնարավորություն եմ ունեցել ներկայացնելու, որ մենք Արցախում չենք իրականացնում ծառայություն՝ ուղղված Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը: Այսօր հայ ժողովուրդը պայքարում է իր արժանապատվության համար, և մենք արժանապատվության համար այս պայքարի առաջամարտիկներն ենք, և մենք գիտակցում ենք, որ իրականցնում ենք յուրահատուկ առաքելություն:
Նախկինում իրականցրել ենք այդ առաքելությունը, իրականացնում ենք այսօր և այսուհետ էլ այդ նույն գիտակցությամբ շարունակելու ենք իրականցնել մեր ծառայողական պարտականությունները` հայրենիքը վեր դասելով ամեն ինչից»:
Բակո Սահակյանն ասաց, որ հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավվածներին նախորդ տարիները հնարավորություն են տվել հասկանալու, որ մենք պատերազմում ենք ոչ պատերազմի համար. «Մենք պատերազմում ենք խաղաղության համար: Այս վերջին ռազմական, պատերազմական գործողությունները նույնպես այդպես ենք ընկալում և պատրաստ ենք զոհաբերվելու, պատրաստ ենք զրկանքներ կրելու, հնարավորություն ունենալու վերջնական ազատություն ձեռք բերելու»:
Նա նշեց, որ իր արձակած հրամանին ավելացրել է ևս մեկը` եթե Ադրբեջանը հերթական անգամ կխախտի օրերս ձեռք բերված կրակի դադարեցման մասին համաձայնությունը, ապա զինված ուժերը հասցնելու են հաջորդ անհրաժեշտ հարվածը: