Բակո Սահակյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է հակառակորդը սկսել լայնամասշտաբ հարձակումները
Հակառակորդի` որոշակի շարժ իրականացնելու մասին տեղեկությունն արժանացել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուշադրությանը, և նա ԼՂՀ ՊԲ հրամանատարին, ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին հրավիրել է քննարկան: Այս մասին այսօր ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ իրաեկման կենտրոնում անցկացվող մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
«Քանի որ մենք այս վերջին ժամանակաշրջանում գտնվում էինք հակառակորդի կողմից զինադադարի, կրակի ակտիվ, հաճախակի խախտման պայմաններում, այդ տեղեկությունը մենք ընդունել ենք որպես հակառակորդի կողմից հերթական անգամ ձեռնարկվող գործողություն այդ ժամանակաշրջանին համահունչ, և մեր գործողություններն իրականցրել ենք` ընկալելով այդ տեղեկությունը որպես լոկալ հատվածում հերթական սպասվող զարգացում:
Եվ մենք այդպիսի ընկալմամբ և այդպիսի նախնական տպավորություններով ցտեսություն ենք ասել մեկս մյուսիս և մեկնել ենք, այսպես ասած՝ հանգստանալու: Երբ բաժանվել ենք մեկս մյուսից, Պաշտպանության բանակի հրամանատարը, այնուամենայնիվ, մեկնել է իր աշխատասենյակ և սկսել լրացուցիչ ստուգումներ իրականացնել: Հակառակորդը, գիշերը ժամը 3-ին սկսելով այդ լայնածավալ հարձակողական ռազմական գործողությունները, հնարավորություն չի տվել օգտագործելով մեր բոլոր միջոցները` այդ օպերատիվ իրավիճակը գնահատել իբրև լայնածավալ սկսած ռազմական գործողություններ:
Այն պահից, երբ ես հայտնվել եմ Պաշտպանության բանակի հրամանատարական կետում, ծանոթանալով ստեղծված օպերատիվ վիճակին` տվել եմ համապատասխան կարգադրություններ, հանձնարարականներ, ցուցումներ, ինչպես նաև Պաշտպանության բանակի հրամանատարին` գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին հրաման եմ տվել կազմակերպել ոչ թե դիմադրություն, այլ իրականցնել միջոցառումներ` հակառակորդի գործողությունները կասեցնելու` նպատակ հետապնդելով ոչնչացնելու նրա կենդանի ուժը և միջոցները:
Այդ հանձնարարականները կատարել են Արցախի հերոսական բանակի ժամկետային զինծառայողները, սպայական կազմը, մայր Հայաստանից Արցախին օգնության հասած կամավորական ջոկատները, աշխարհի տարբեր երկրներում գտնվող և տարբեր ժամակաշրջաններում արդեն իսկ մարտի մտած մեր հայրենիքի զավակները: Այդ առաջադրանքը փառքով կատարվել է` պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ»:
«Երբ մենք Արցախյան ազատագրական շարժման շնորհիվ ձերբազատվել ենք գերությունից, սկսել ենք կառուցել մեր կյանքը համամարդկային արժեքների համաձայն, որովհետև մենք հազարամյակների ընթացքում առաջնորդվել ենք միայն ու միայն այդ արժեքների համաձայն` այդ շրջանում հավատարիմ լինելով ժողովրդավարական երկիր կառուցելու սկզբունքներին, իրականացրել և այդ ուղղությամբ հաջողություններ արձանագրելու ջանքեր ենք գործադրել:
Մեր այս տարիները դիտարկվել են միջազգային հանրության կողմից, մենք այս ընթացքում արժանացել ենք տարբեր երկրների` առաքելություն իրականցնող` լինեն դրանք դիտորդական, այլ նշանակություն ունեցող, բարձր գնահատականների, բայց մենք գերությունից ձերբազատված այդ տարիների ընթացքում և մինչ այսօր այդ հաջողություններն իրականացրել ենք և շարունակում ենք իրականացնել` մի ձեռքում ունենալով զենք, մյուս ձեռքում հացի մշակներն օգտագործում են գյուղատնտեսական գործիք` մեր այդ հացը ստեղծելու համար»,- ասաց Բակո Սահակյանը: