«Վարկատուների ջանը չի ցավում»». Արամ Մանուկյան
Այսօր ԱԺ նիստում Եվրասիական զարգացման բանկից ոռոգման համակարգի բարելավման համար 40 մլն դոլար վարկ վերցնելու հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ, դառը փորձից ելնելով` վարկերին դեմ են:
Ըստ նրա` վարկերի հետևանքով կա´մ դադարել են աշխատել, կա´մ վնասով են աշխատել, կա´մ վաճառվել են` Սևան-Հրազդան կասկադը, Որոտանի ջրամբարները, ՀԷՑ-ը, Հրազդան-ցեմենտ գործարանը: «Ստացվում է, որ վարկեր վերցնում ենք՝ ինչքան ուզում ենք, հետո էդ վարկից էժան վաճառում ենք ուրիշին: Ակնհայտ է, սա չարախոսություն չէ, որ վարկերն արդյունավետ չեն կոռուպցիայի և վատ մենեջմենթի պատճառով: Արդյունքն էն է, որ մեր ստրատեգիական հիմնարկները կա´մ սնանկանում, կա´մ օտարվում են»,- ասաց Ա.Մանուկյանը:
Նա նշեց, որ պարտքը 5.2 մլրդ դոլար է, ՀՆԱ-ի 50%-ին մոտ է, և փաստարկը, թե տվողները գտնում են, որ վարկունակ ենք, և տալիս են, ընդունելի չէ, որովհետև երկրներին վարկեր տվող բանկերը կառույցներ են, որոնցով քաղաքականություն է իրականացվում, այսինքն` կարելի է ոչ արդյունավետ օգտագործել վարկերը, բայց վարկատուների «ջանը չի ցավում», վերադարձնելու պատասխանատվությունը մերն է: «Մենք հասել ենք կարմիր գծին, առաջարկում ենք կանգ առնել և վարկեր այլևս չվերցնել` բացառությամբ ռազմավարական վարկերի, որոնք խիստ անհրաժեշտ են»,- ասաց Ա.Մանուկյանը: