Խոսակցությունն այն մասին, թե ում զենքով ով է պատերազմում Ղարաբաղում, դատարկ խոսակցություն է. Զատուլինը` ռուս-ադրբեջանական զենքի գործարքների մասին

«Պատասխանատվություն կրում են ոչ թե՝ զենքը, փողերը, ավտոմատները, գնդացիրները, ատրճանակները, այլ նրանք, ովքեր դրանց ձգանն են քաշում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին հաջորդած ռուս-ադրբեջանական զենքի գործարքների շուրջ ՀՀ իշխանությունների ու հասարակության մտահոգություններին:

Հիշեցնենք, որ երեկ Բեռլինում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ ծավալուն կերպով անդրադարձել էր ՀՀ ԶՈՒ հնարավորություններին ու նշել.

«Բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ որ Ռուսաստանը, և ոչ միայն՝ Ռուսաստանը, այլև՝ ՀԱՊԿ անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին, բայց դուք շատ լավ հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ազդելու այդ պրոցեսի վրա»: Նա նաև ասել էր, որ հայկական կողմերը 80-ական թթ. զենքով են լռեցրել հակառակորդին: Նշենք նաև, որ ՀՀ նախագահն ու ՀՀ ԱԳ նախարարը ռուս-ադրբեջանական գործարքների վերաբերյալ իրենց մտահոգությունը հայտնել են նաև անցյալ տարի:

Կոնստանտին Զատուլինն անդրադառնալով այս մտահոգություններին ու կարծիքներին, թե Ռուսաստանն է Ադրբեջանին դրդել արկածախնդրության ղարաբաղաադրբեջանական շփման գծում, նախ՝ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հենց սկզբից Ռուսաստանն ավելի վաղ, քան որևէ միջնորդ, լուրջ և ակտիվ ջանքեր է ներդրել, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն, և ձեռք բերվի զինադադարի պայմանագրի:

«Որքան ես եմ հասկանում, հայերը չեն պատերազմում, չէ՞, Լեռնային Ղարաբաղի տարածքում չինական զենքով, այսինքն` խոսակցությունն այն մասին, թե ում զենքով ով է պատերազմում, այս պարագայում դատարկ խոսակցություն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ զենք վաճառվում ու գնվում է ողջ աշխարհում: Ադրբեջանի համար ի՞նչ խնդիր է՝ գնել զենք ոչ թե՝ Ռուսաստանից, ինչը նա անում է, այլ՝ Իսրայելից ու Թուրքիայից: Ուստի ինձ թվում է, որ չպետք է տորպեդահարել այս հանգամանքը, որ վաճառվում է ինչ-որ մեկի զենքը»,- նման կարծիք հայտնեց Զատուլինը:

Վերջինս նաև նկատեց, որ ՌԴ առաքումների պայմանները եղել են հստակ` ռուսական սպառազինության չօգտագործում ԼՂ հակամարտության գոտում: «Չեմ բացառում, որ ադրբեջանական կամ հայկական կողմը ստիպված կամ միտումնավոր խախտել է այս պայմանը, բայց ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ զենքը վաճառվող ապրանք է, ու, եթե Ռուսաստանը չվաճառեր, կվաճառեր մեկ այլ երկիր, ինչն էլ ներկայումս տեղի է ունենում: Պատասխանատվություն կրում է ոչ թե զենքը, փողերը, ավտոմատները, գնդացիրները, ատրճանակները, այլ նրանք, ովքեր դրանց ձգանն են քաշում»,- ասաց Զատուլինը: Վերջինիս հետ ծավալուն հարցազրույցին կարող եք ծանոթանալ ավելի ուշ:

Տեսանյութեր

Լրահոս