Զորամասի գրադարանավար, ազատամարտիկ Մելսիդա Հարությունյանը նույնպես առաջնագծում է, զենքը ձեռքին
Մատաղիսի զորամասում ծառայող կին ազատամարտիկ Մելսիդա Հարությունյանը, ով աշխատում է որպես զորամասի գրադարանավար, այս օրերին անմիջապես համալրել է Արցախի սահմանները պաշտպանող քաջերի շարքերը եւ զենքը ձեռքին անսասան կանգնել իր հերոս եղբայրների կողքին: Նա Արցախյան ազատամարտի մեջ է մտել դեռեւս 1991 թվականից, մնացել մինչեւ գոյամ արտերի վերջին օրը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մելսիդա Հարությունյանը խրոխտ հնչեցրեց, որ առաջնագծում է՝ զենքը ձեռքին, եւ ամեն ինչով օժանդակում է մարտնչող մարտիկներին:
«Դիմանում ենք ու քաջորեն դիմադրում հակառակորդին, մեր տղաները գերազանց կատարում են իրենց առաջադրանքը: Վիրավորներ էլ ունենք, զոհեր էլ, բոլորն էլ հերոսներ են ու արյուն են տալիս հայրենիքի փրկության համար: Թշնամին ավելի շատ գրադ կայանքներից էր կրակում, որը ավելի մեծ վնասներ էր հասցնում»,- պատմում է Մելսիդան:
Մելսիդան հիացած է իր ծառայակից հերոս տղաներով, ովքեր քաջի լուսապսակով ընկել են թշնամու դեմ մղված կենաց-մահու ճակատամարտում:
«Գրե՛ք մեր զորամասի հերոս տղաների մասին, հրապարակեք անուն առ անուն, տարածեցեք նրանց, նկարները, թող հայ ազգը ճանաչի իր հերոս զավակներին: Բոլորն էլ արիաբար են զոհվել, իրենց բազկի ողջ զորությամբ կռվել ու պայքարել ոսոխի դեմ: Այսօր գիշեր մեր քաջ տղաները թշնամու զբաղեցրած հատվածից քաջաբար կարողացան հետ բերել իրենց զոհված ընկերների մարմինները: Վախկոտ ու նենգ թշնամին դեռ պատասխան կտա մեզ՝ իր գործած անմարդկային ոճիրների համար, որը հիմա տեսնում ենք իմ սեփական աչքերով»,- ներկայացրեց Մելսիդան:
Ի պատասխան պատասխան մեր կողմից կին հերոս հայուհուն ուղղված ապրիլյոթյան տոնի շնորհավորանքի՝ Մելսիդան փոխադարձ շնորհավորանք հնչեցրեց Հայոց աշխարհի բոլոր մայրերի հասցեին.» Թող շնորհավոր լինի մեր հայ մայրերի ու քույրերի տոնը, որ այսպիսի արծիվներ ու առյուծներ են ծնում: Նրանց խիզախության, անձնուրացության, կյանքի ու արյան գնով ենք կարողանում պահել յուրաքանչյուր թիզ հողը, ապահովել մեր բազմաչարչար, հերոսական ժողովրդի խաղաղությունը: Տոկունություն ու համբերություն եմ կամենում բոլոր այն մայրերին, ովքեր այժմ կսկծում են իրենց քաջ զավակների կորուստը: Բայց թող մեր մայրերն իրենց հպարտ զգան, սփոփվեն մեր փառապանծ ու հաղթական բանակով, նրա անպարտ զինվորներով»,-ասաց Մելսիդա Հարությունյանը:
Խոսրով Խլղաթյան