Ավարտվել է գերեզմանատանը տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:
2015 թվականի դեկտեմբերի 17-ին բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, Երևանում վարձակալական հիմունքներով բնակվող Տ.Հարությունյանը:
Քննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դանակահարության հանգամանքները, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական քննության տվյալներով՝ Տ.Հարությունյանին մարմնական վնասվածքը պատճառել է 39-ամյա Ա.Ծերունյանը, ում հետ տուժողն ունեցել է ընկերական հարաբերություններ։
Վիճաբանությունը, որն ավարտվել է դանակահարությամբ, տեղի է ունեցել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում գտնվող գերեզմանատանը, որտեղ ընկերները, ըստ նախնական պայմանավորվածության, հանդիպել են՝ միմյանցից պարզաբանումներ պահանջելու։
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ գործով տուժողը՝ Տիգրան Հարությունյանը, դեկտեմբերի 16-ին հյուրընկալվել է 39-ամյա տղամարդու բնակարանում՝ վերջինիս հրավերով մասնակցելու դստեր ծննդյան արարողությանը։ Խնջույքի ժամանակ կենցաղային հարցերի շուրջ առաջացել է տարաձայնություն, ինչը վերածվել է վիճաբանության և Տ.Հարությունյանն ու վերջինիս ծանոթը, ով ևս մասնակցում էր խնջույքին, հեռացել են։
Ժամեր անց տղամարդիկ հանդիպել են Սիլիկյան թաղամասում գտնվող գերեզմանատանը, որտեղ առաջացած քաշքշուկի ժամանակ Ա.Ծերունյանն իր հետ նախապես վերցրած դանակով հարվածել է Տ.Հարությունյանի որովայնին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող վնաս։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Ծերունյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքաննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: