Ղարաբաղում իրավիճակը դեռ հեռու է կայուն լինելուց. Պեսկով

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դեռ հեռու է նրանից, որ կայուն լինի, Մոսկվան չի պլանավորում դադարեցնել հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Անկասկած, իրավիճակը դեռ հեռու է նրանից, որ կայուն համարվի, այդ պատճառով էլ պարզապես անհնար է սահմանափակվել ձեռք բերածով, և ոչ ոք չի պատրաստվում դա անել»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

Նրա խոսքով՝ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման հենց սկզբից ջանքեր է գործադրել դրա կարգավորման համար պայմաններ ստեղծելու համար: «Ռուսաստանը, պահպանելով գործընկերային բարի հարաբերություններ Երևանի և Բաքվի հետ, օգտագործում է այդ բարի հարաբերությունները՝ ստեղծելու այս պայմանները և աշխատելով ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում»,- հայտարարել է Պեսկովը:

Նա ընդգծել է, որ կրակը դադարեցնելու նպատակով անցկացվել է մեծ օպերատիվ աշխատանք ամենատարբեր մակարդակներում: «Ռուսաստանի այդ ջանքերն արդեն գնահատվել են գործընթացի մասնակիցների կողմից: Իհարկե, Մոսկվան շարունակում է իր հետևողական գիծը»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Նա նաև խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պլանում վերջին սրացումների հետևանքով հետընթաց է գրանցվել: «Քանի որ մինչ այդ թեժ բախումները շատ լավ մշակումներ կային, արվել էին շատ դրական քայլեր կարգավորման ուղղությամբ: Հիմա, ցավոք, հետընթաց է գրանցվել, հարկավոր կլինի լրացնել բաց թողնվածը»,- հայտարարել է Պեսկովը:

Տեսանյութեր

Լրահոս