ԱԺ կին պատգամավորները կոչով դիմելու են միջազգային կառույցներին և «ոչ» են ասելու ոճրագործությանը
«Գտնում եմ՝ պետք չէ խոսել տոնի մասին, որովհետև չի կարող լինել տոն, երբ մենք ունեցանք այդքան կորուստներ»,- այսօր՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ հրավիրված ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյան:
Նրա խոսքով՝ ղարաբաղաադրբեջանական սահմանի շփման գծում մեր ունեցած կորուստները ևս մեկ անգամ վկայեցին, որ հայ ժողովուրդը չի կոտրվում դժվար պահերին, ամրանում, մեկ բռունցք է դառնում. «Լինելով մանկավարժ, շփվելով այդ տարիքի տղաների և աղջիկների հետ, զարմանում եմ՝ որտեղի՞ց այս երիտասարդների մեջ այսքան հայրենասիրական ոգի: Դա հայի գենի ուժն է, և ոչ մի ուսումնական ծրագիր չի կարող ապահովել այն ուժը, որ մենք տեսնում ենք»:
Ռ. Մուրադյանը կարծում է՝ այս հարցում շատ մեծ դեր ունեն մայրերը, քանի որ օրորոցից մայրն է փորձում ձևավորել և կերտել երեխաների արժեհամակարգը. «Իմ խոնարհումն այն բոլոր մայրերին, որոնք հիմա որդեկորույս դարձան: Այսօր սգում է ողջ ժողովուրդը»:
Պատգամավորի խոսքով՝ այս օրերին նաև ականատես եղանք, թե քաղաքական դաշտում ինչպիսի միահամուռ մոտեցում եղավ. «Մարդիկ վեր կանգնեցին իրենց քաղաքական հայացքներից ու միավորվեցին: Տեսանք նաև, թե ինչպես շատ կամավորներ հավաքվեցին ու գնացին կանգնեցին զինվորների կողքին, տեսանք՝ ինչպես Սփյուռքն արձագանքեց այս ամենին:
Նրա խոսքով՝ մեր 18-ամյա տղաները, որ գնացին, անմահացան, դարձան այսօրվա հերոսները. «Շատ դժվար է որդի կորցրած մորը մխիթարության և համբերության կոչ անելը, կոչս ուղղում եմ ամբողջ ժողովրդին. Պետք է միահամուռ լինենք դարձյալ ու դառնանք մի բռունցք, որից վախենալու է մեր թշնամին»:
Ռ. Մուրադյանը նաև հայտնեց, որ խորհրդարանի կին պատգամավորներով կոչ են պատրաստել, որպեսզի «ոչ» ասեն ոճրագործներին, և ամեն ինչ անելու են, որպեսզի այդ կոչը հասցնեն նաև միջազգային մի շարք կազմակերպություններին և կառույցներին. «Որ, եթե այսօր այդ երևույթին ճիշտ գնահատական չտանք, Ադրբեջանը դա կարող է անել այլ երկրների նկատմամբ էլ»: