Ռուսաստանն ունի առաջարկներ, որոնք ձգտում է ակտիվորեն գործարկել համանախագահների հետ Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունների ձեռքբերման համար․ Լավրով

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Ադրբեջան է մեկնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մասնակցելու Բաքվում անցկացվելիք Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։

«Այնպես համընկավ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորումը, որով մենք զբաղվել ենք և շարունակում ենք զբաղվել և որպես երկիր, որը մտերիմ է և´ Հայաստանի հետ, և´ Ադրբեջանի, և´ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, այդ կարգավորման գործընթացը բախվել է լուրջ մարտահրավերների ռազմական գործողությունների վերսկսման հետևանքով, որոնք, հավանաբար, ամենամասշտաբայինն էին վերջին երկար-երկար տարիների ընթացքում»,- ասել է Լավրովը:

«Մենք, իսկապես, թե՛ նախագահի, թե՛ վարչապետի, թե՛ մեր և պաշտպանության նախարարության ու գլխավոր շտաբի մակարդակներով ձեռնարկել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնենք կողմերին հասնել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը։

Պատրաստ կլինենք աջակցել, որ այդ պայմանավորվածությունը չխախտվի։ Եվ բնականաբար, ինչպես դուք, Իլհամ Հեյդարովիչ, ասացիք, կարևոր է հանդարտեցնել իրավիճակն այս կոնկրետ հարցում, ավելի ակտիվորեն: Հուսով եմ, որ վերջին օրերի իրադարձությունները մեզ ավելի ակտիվորեն կմղեն զբաղվել հակամարտության քաղաքական կարգավորմամբ։

Մենք ունենք առաջարկներ, որոնց համանախագահների հետ համատեղ ձգտում ենք ակտիվորեն գործարկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների ձեռքբերման համար։

Հուսով եմ, որ մենք նույնպես կարող ենք այդ հարցերին ուշադրություն հատկացնել նաև միջնաժամկետ, երկարաժամկետ հեռանկարում: Մենք լիովին աջակցում ենք այն նախաձեռնություններին, որոնք ներկայում ձեռնարկվում են համանախագահների կողմից: Նրանք այցելել են Բաքու, կայցելեն նաև շփման գիծ, իսկ հաջորդ օրը՝ Երևան: Եվ ԵԱՀԿ-ի, նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ շատ կարևոր է վստահության քայլեր ձեռնարկել մոտ ժամանակներս և ստեղծել քաղաքական գործընթացի վերսկսման նախադրյալներ»,- հայտարարել է Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս