Սերգեյ Նարիշկինը կողմ է արտահայտվել Մինսկի խմբի ձևաչափով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Կողմերը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, անթույլատրելի համարել ռազմական ճանապարհով ԼՂ հակամարտության կարգավորման փորձերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները բացահայտ ագրեսիա են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: Էդուարդ Շարմազանովը դատապարտել է Թուրքիայի կողմից Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանը սատարող հայտարարությունները: ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ այս իրավիճակում առավել քան կարեւոր է, որպեսզի միջազգային հանրությունը հանդես գա հասցեական, դատապարտող հայտարարություններով:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը` ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն:
ՌԴ Պետդումայի նախագահն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շահագրգռված է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ` Մինսկի խմբի ձեւաչափով: